Հայաստանը շարունակում է իր վրա բեւեռված պահել համաշխարհային մամուլի ուշադրությունը: Դժվար է պատկերացնել, թե ինչ պիտի տեղի ունենար մեր երկրում, որպեսզի նրա մասին միաժամանակ գրեին աշխարհի գրեթե բոլոր հանրահայտ թերթերը: Եվ մեկ անգամ ու մեկ հոդված չէ, այլ մի քանի օր շարունակ՝ հիշելով երկրի պատմությունը, անդրադառնալով պատմամշակութային հուշարձաններին, վերլուծելով տեղական մամուլը: Իրականում ոչինչ չի պատահել մեր երկրում, ուղղակի այն որոշել է այցելել ամերիկյան ռեալիթի շոուի հանրահայտ աստղ Քիմ Քարդաշյանը: NEWS.am-ը փորձել է ամփոփել Քարդաշյանների հայաստանյան այցի վերաբերյալ գերմանալեզու առավել հանրահայտ պարբերականների անդրադարձը:
«Քարդաշյանի քաղաքական այցը Հայաստան»` այսպես է վերնագրել Հայաստանին նվիրված հոդվածը գերմանական Bild պարբերականը՝ գրելով մասնավորապես հետեւյալը. «Այս անգամ Քարդաշյանի այցը ավելի շատ ընտանիքի արմատները գտնելու նպատակ ուներ, քան սելֆիներ անել եւ աշխարհին զարմացնել: Նա հայտարարել է, որ իր ընտանիքի հետ ցանկանում է հիշել Հայոց ցեղասպանության զոհերին եւ վավերագրական ֆիլմ նկարահանել իր այցի մասին: Տեսանկարահանողները մարդկանց խմբի միջից փորձում էին գտնել լավագույն դիրքը, որտեղից կարելի է նրան նկարել, լուսանկարիչները իրենց ֆոտոապարատների լույսերով չէին թողնում աչք թարթել: Քարդաշյանն ինքը, աչքերը սեւ ակնոցների տակ թաքցրած, ձեռքով էր անում հավաքվածներին»:
Die Welt թերթում լույս է տեսել հոդված «Վերադարձ արմատներին» վերնագրով, որտեղ մասնավորապես ասվում է. «Վայրէջքից հետո Քիմ Քարդաշյանի կարճ ողջույնը նշանավորում էր նրա համար առանձնահատուկ ճանապարհորդության սկիզբը: Առաջին անգամ հայտնի հեռուստաաստղը ոտք է դնում մի երկիր, որտեղից 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին արտագաղթել էր նրա ընտանիքը»:
Հանրահայտ Der Spiegel պարբերականը փորձել էր ավելի շատ վերլուծել Քարդաշյանի այցի նպատակը՝ հասկանալով, թե իրականում ինչի համար է նա ժամանել Հայաստան:
«Քարդաշյանը պնդում է, որ Հայաստան է ժամանել Հայոց ցեղասպանության մասին փաստագրական ֆիլմ նկարահանելու համար, ինչը կասկածների տեղիք տվեց, քանի որ աշխարհիկ այս տիկինը պատմությունով երբեք չի հետաքրքրվել: Այնուամենայնիվ, նրա թիմը ամենայն հավանականությամբ դրվագներ է նկարելու Հայաստանում Keeping up with the Kardashians շուոի համար»,- գրում է թերթը:
Huffington Post-ը իր հերթին գրում է. «Քարդաշյանն ու նրա քույր Քլոեն վերադարձել են երկիրը, որտեղ ծնվել է նրանց նախապապ Թաթոսը, որը Ցեղասպանությունից 2 տարի առաջ՝ 1913թ. մեկնեց Բոսթոն: 100 տարի անց նրա ծոռները վերադարձել են հայրենիք, որտեղ նրան թագուհու պես ընդունեցին. տարազներով աղջիկները նրան աղ ու հացով դիմավորեցին: Իսկ հյուրանոցի մոտից մարդկանց բանակն այդպես էլ չցրվեց այդ օրերի ընթացքում»:
Tageszeitung-ը վերջապես հիշել է, որ Քարդաշյանը միայնակ չի ժամանել Հայաստան, եւ նրա հետ, ի դեմս նրա ամուսնու, այլ հայտնի մարդ էլ է եկել Երեւան:
«Քարդաշյանին ուղեկցում էին թիկնապահները, իսկ Քանիե Ուեսթն ու նրանց դուստրը ստվերում էին մնացել»:
Ավստրիական մամուլը նույնպես անդրադարձավ Քարդաշյանների այցին՝ Heute.at կայքը նշեց, թե ինչով է առանձնահատուկ այս այցը:
«Այս անգամ Քարդաշյանը ոչ թե իր շքեղ մարմնով հայտնվեց մամուլի ուշադրության կենտրոնում, այլ սեփական արմատները փնտրելու որոշմամբ: Նրա հայրական կողմը սերում է Հայաստանից: Իր այցով նա ցանկանում է Ցեղասպանության 100-ամյակին հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին Քիմ Քարդաշյանը ցանկանում է իր այցով աշխարհի ուշադրությունը Ցեղասպանության վրա հրավիրել: Երեւանում ի թիվս այլ տեսարժան վայրերի նրանք այցելեցին Ծիծեռնակաբեր դ ու ծաղիկներ դրեցին զոհերի հիշատակին նվիրված կրակի մոտ»,- գրում է թերթը:
Շվեյցարական Blick-ում հայտնվեց «Նախնիների հետքերով» վերնագրով հետեւյալ գրառումը. «Քիմ Քարդաշյանին Երեւանում սպասում էին ֆոտոապարատների լույսերն ու կամերաները: Քարդաշյանները վերադարձել են նախնիների ծննդվայրը, որտեղ ժամանակին ապրել են նրա հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի պապերը: Բայց մի՞թե Քիմ Քարդաշյանը քաղաքական ակտիվիստ է դարձել, չէ՞ որ այս անգամ նրա շոուն քաղաքական հիմքեր ունի, քանի որ նա ֆիլմ է ցանկանում նկարահանել Հայոց ցեղասպանության մասին: Եվ դա անսովոր է, քանի որ Հայոց պատմության հանդեպ Քիմի հանկարծակի հետաքրքրությունը շատերին զարմացրեց. նա միշտ էլ եղել է ավելի շատ աշխարհիկ հավաքույթների թագուհի: Երկրպագուներից մեկը նույնիսկ հայտարարել էր, որ եթե Քիմ Քարդաշյանն իրոք եկել է Ցեղասպանության մասին հիշելու, ինքը հետ է վերցնում նրա հասցեին ասած բոլոր բառերը»:
Շվեյցարական մեկ այլ պարբերական՝ Bluewin-ը, նշել էր, որ Քիմ Քարդաշյանը արձակուրդ չի եկել Հայաստան, այլ ցանկանում է գտնել իր արմատները: «Քույրերին շատ ջերմ ընդունեցին: Լոս Անջելես - Երեւան երկար չվերթը կատարելուց հետո Քլոեն եւ Քիմը դեռ շատ անելիք ունեն»,- գրում է թերթը:
Գերմանական Express-ը փորձել էր հասկանալ, թե ինչ նպատակով է Քարդաշյանը ժամանել Հայաստան:
«Ի՞նչ կա Քարդաշյանի մտքին իրականում: Շատերը թերահավատորեն ընդունեցին նրա հայտարարությունը, թե նա գնում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու՝ համարելով դա զուտ PR: Սակայն դա բացարձակ չխանգարեց, որպեսզի նրան Երեւանում շուքով դիմավորեն: Նրա ստվերում մնացին ոչ միայն քույր Քլոեն, ամուսինը՝ հայտնի ռեփեր Քանիե Ուեսթն ու փոքրիկ Նորթը, այլ նաեւ նրանց հետ ժամանած անձնակազմը եւ թիմը:
Թերահավատները հարց են տալիս, թե Ցեղասպանության մասին նրա փաստագրական ֆիլմը իրականում ռեալիթի շու չէ արդյոք: Նկարահանելո՞ւ է նա իրոք նման ֆիլմ, թե դա կլինի նրա ռեալիթի շուի հերթական դրվագը:
Այն, որ իր նախնիները Հայաստանից են գաղթել ԱՄՆ, Քիմը երբեք չի թաքցրել: Բացի այդ, Քարդաշյանը 2011թ. Թվիթերում գրառում կատարեց՝ նշելով, որ ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- գրում է express.de-ն:




























