Ադրբեջանում դատում են գերի ընկած ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանին:
Ինչպես հաղորդում է haqqin.az-ը՝ վկայակոչելով Kəpəz TV հեռուստաալիքը, դատական գործընթացը տեղի է ունենում Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանում:
Դատական նիստը տեղի է ունենում դատավորներ Էլբեյ Ալլահվերդիեւի գլխավորությամբ եւ դատավորներ Զաբիլա Հասիմովի ու Էլմին Ռուստամովի մասնակցությամբ:
Դատական գործընթացին մասնակցում են նաեւ ադրբեջանցի զինծառայողներ, որոնք գերի են վերցրել ԼՂՀ քաղաքացուն:
Պարբերականի տվյալներով՝ Բաղդասարյանն ապահովվել է թարգմանչով եւ փաստաբանով: Նրա պաշտպանությունն իրականացնում է փաստաբան Ռամիզ Աբդուլաեւը: Նախնական նիստի ժամանակ, որը տեղի է ունեցել ապրիլի 7-ին, պետական մեղադրող Անար Միրկիշիեւը Ադրբեջանի քրեական օրենսգրքի 12 կետերով մեղադրանք է առաջադրել Արսեն Բաղդասարյանին:
Մեղադրանքն այնքան շինծու է, որ Ադրբեջանի իշխանությունները վախեցել են դատաքննությունը բաց անցկացնել: Այն ընթանում է փակ դռների հետեւում:





























