Պաշտոնական տվյալներով, ընթացիկ տարվա մարտին Երեւանում հացի 1 կգ-ի մանրածախ միջին գինը կազմել է 529.2 դրամ: Հանրապետության 10 այլ քաղաքներում այն ավելի ցածր է եղել՝ 469.5 դրամ:

Եվ այսպես, մայրաքաղաքում հացը 59.7 դրամով (12.7%) ավելի է մարզերի քաղաքներից: Նշենք, որ հետխորհրդային շրջանում հացի գնի նման հարաբերակցությունը վաղուց «ավանդույթ» է դարձել: Բայց ինչո՞ւ է մայրաքաղաքում այս մթերքն «ամենաթանկն» ամբողջ հանրապետությունում:

Լայնածավալ արտադրության պարագայում կորուստները պետք է ավելի քիչ լինեն: Մեր «մեգապոլիսում» դեռեւս խորհրդային ժամանակներից խոշոր հացի գործարաններ կան: Իհարկե, դրանց ավելացել են նաեւ բազմաթիվ փոքր հացի արտադրամասեր: Բայց հենց այդ փաստը պետք է դաժան մրցակցության հանգեցներ եւ նպաստեր օպտիմալ գների ձեւավորմանը:

Սկզբունքորեն փոքր քաղաքներում հացի արտադրության մենաշնորհայնացման հավանականությունն ավելի մեծ է, քան մայրաքաղաքում: Այս դեպքում գնի արհեստական բարձրացումն ավելի հավանական է: Սակայն թվերը հակառակն են փաստում: Այսպես, շուրջ 43 հազար բնակչության Կապանում հացն ավելի էժան է, քան 1 միլիոնանոց Երեւանում (1 կգ-ը 72 դրամով կամ 14%-ով):

Այլ հարց. հաճախ հացի գնի ավելացումն արդարացնում են ներկրված ցորենի թանկացմամբ: Բայց արդյո՞ք այդպես է: Ռուսական տվյալների համաձայն, հացի մանրածախ գնի մեջ ալյուրի ծախսի մասնաբաժինը կազմում է ավելի քան 20%: Այսինքն՝ եթե ալյուրի գինն ավելանում է, ասենք, զգալի 10%-ով, ապա հացը թանկանում է ընդամենը 2%-ով:

Հաջորդ խնդիրը: Ըստ էության՝ հաց գնողները հաճախ ավելի են վճարում «օդի» համար: Եթե «մեկ կիլոգրամանոց» հացը կշռում է, ասենք, 900 գրամ, ապա դրա գինը 10%-ով ավելին է պաշտոնականից:

«Էժան» հացի մեծ սպառմամբ անապահով ընտանիքները փոխհատուցում են սննդակարգում թանկարժեք սննդամթերքի պակասը: Եվ չհիմնավորված գները, առաջին հերթին, հարվածում են այդ ընտանիքների բյուջեին: Այդ պատճառով հացի խնդրի հանդեպ պետությունը պետք է հատուկ մոտեցում ունենա: