Քաղաքացիների եւ պետական կառույցների կողմից Երեւանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում մարտ ամսվա ընթացքում ստացվել է 11 հազար 328 դիմում եւ գրություն: Այս մասին նշվել է Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Զեկուցվել է նաեւ, որ բոլոր դիմումատուների պատասխանները տրամադրվել են սահմանված ժամկետում:
Նույն ժամանակահատվածում քաղաքապետարանում եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում քաղաքացիների ընդունելություններին մասնակցել է 820 քաղաքացի: Բարձրացված հարցերի զգալի մասին տրվել են համապատասխան լուծումներ եւ սպառիչ պատասխաններ, իսկ 75-ը դեռեւս կատարման ընթացքում է:
Կանանց միամսյակի շրջանակում անցկացված «Ձեզ համար, կանայք» անվճար բուժօգնության ակցիայի վերաբերյալ զեկուցվել է, որ ամփոփ տվյալներով՝ պոլիկլինիկաներ է դիմել ավելի քան 30 հազար կին: Ըստ անհրաժեշտության՝ կանայք անցել են համապատասխան բուժզննություն, ուղեգրվել ստացիոնար բուժման եւ վիրահատության: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ակցիայի մասին ամբողջական տեղեկատվույթունը ներկայացնել նաեւ հանրությանը:



























