Քաղաքաշինության եւ հողօգտագործման ոլորտում իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ Երեւանում արձանագրվել է  իրավախախտման 12 դեպք:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ բացի այդ, թվով հինգ հասցեներում կատարվել են ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ: Այս մասին զեկուցվել է Երեւանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցությանը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել ուժեղացված հսկողությունը՝ ապօրինաշինությունն առհասարակ բացառելու նպատակով:

Զեկուցվել է, որ վարչական շրջաններում իրականացվում են խոտհունձի, ծառերի կրապատման եւ Երեւանի ավագանու որոշմամբ պարտադիր բարեկարգման այլ աշխատանքներ: Նշվել է նաեւ, որ տնտեսվարողների կողմից իրականացվող աշխատանքները վերահսկվում են պատասխանատուների կողմից կազմակերպվող շրջայցերի միջոցով: Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների խնամքի պատշաճ ապահովման նպատակով քաղաքապետը հանձնարարել է առավել ակտիվացնել աշխատանքները՝ ներգրավելով նոր աշխատակիցների: