Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (ԵՊԿ) եւ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը (ԵՊԼՀ) ստացել են ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով:

Նման որոշում է կայացրել Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) հավատարմագրման հանձնաժողովը ապրիլի 11-ին տեղի ունեցած նիստում:

Ըստ հավատարմագրման կարգի`4 տարով հավատարմագրում ստացած բուհերը 2 տարին մեկ  պետք է ինստիտուցիոնալ ներքին գնահատում իրականացնեն եւ արդյունքների մասին տեղեկացնեն ՈԱԱԿ-ին:

Իսկ Երեւանի «Հայբուսակ» համալսարանի հավատարմագրումը, հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ,  մերժվել է:  Կարգի համաձայն, հավատարմագրում չստացած բուհը երկու տարի անց կարող է կրկին դիմել` հավատարմագրում անցնելու համար:

Ինստիտուցիոնալ  հավատարմագրումը պետության կողմից ուսումնական հաստատության կրթական եւ  որակի ապահովման գործընթացների, մասնագիտությունների կրթական ծրագրերի պետական կրթական չափորոշիչներին եւ ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշներին համապատասխանության ճանաչումն է: Այն  պարբերաբար իրականացվող պարտադիր գործընթաց է մասնագիտական ուսումնական բոլոր հաստատությունների համար:

Ավելի վաղ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովն  որոշում էր կայացրել եւս 6 բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրման վերաբերյալ` Երեւանի պետական համալսարանին  շնորհելով 6,  Երեւանի պետական բժշկական համալսարանին,  Հայաստանի ազգային պելիտեխնիկական համալսարանին, Հայաստանի ազգային ագրարային համալսարանին եւ Երեւանի «Գլաձոր» համալսարանին`4 տարով հավատարմագրում, իսկ Հյուսիսային համալսարանին 2 տարով պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում: