Հունական ծագմամբ ամերիկացի Նիկոլաս Սոուկերասը համացանցում ստորագրահավաք է սկսել, որպեսզի կնոջը համոզի որդուն Սպիրիդոն կոչել: Այս մասին գրում է The New York Post-ը՝ կատակելով, որ Նյու Յորքի Քուինսից զույգը «սպարտացիների եւ աթենացիների պես մարտնչում է» առաջնեկի անվան պատճառով:

Սոուկերասը ցանկանում է որդուն Սպիրիդոն կոչել՝ իր հոր պատվին: Սակայն նրա կինը՝ ծնունդով Բելառուսից Քսենիան, առաջարկում է տղային իր հոր անունով կոչել՝ Միխայիլ:

Բացի այդ, հոր խոսքով, Սպիրիդոն անունն «ազնվական պատմություն ունի», մինչդեռ Քսենիան իր սովետական մանկությունից սովոր է «բարբարոսական անունների», ինչպիսիք են, օրինակ, Արմանը, Օսիպը եւ Իգորը:

Քսենիան, ամեն դեպքում, հայտարարել է, որ կհամաձայնի որդուն Սպիրիդոն կոչել, եթե ամուսնուն հաջողվի 100 հազար ստորագրություն հավաքել:

Ամուսիններն առաջնեկին ունենալու են օգոստոսին: Միաժամանակ նշվում է, որ այս պայքարն անիմաստ կդառնա, եթե զույգը դուստր ունենա: