Ապրիլի 12-ին Բաթումի Սուրբ փրկիչ եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերին եւ հայ ու վրաց ժողովուրդների բարեկամությանը նվիրված, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի կողմից նվիրաբերված խաչքարերի օծման արարողությունը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջոցառումը կազմակերպվել էր Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից:

Օրհնության կարգն անցկացրին Վիրահայոց թեմի Առաջնորդ Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը եւ աջարահայության հոգեւոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանը: Միջոցառմանը ելույթներ ունեցան Վանաձորի եւ Բաթումի քաղաքապետեր Սամվել Դարբինյանը եւ Գիորգի Երմակովը, Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը եւ Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը:

Բաթում կատարած այցի շրջանակներում Վանաձորի քաղաքապետը հյուրընկալվեց Բաթումի քաղաքապետ Գիորգի Երմակովին: Ծավալված զրույցի ընթացքում քննարկվեցին երկու քույր քաղաքներ Վանաձորի ու Բաթումի միջեւ տարաբնույթ կապերի հետագա զարգացման հեռանկարները: