Հայաստանի ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը համամիտ է ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի հետ, ըստ որի՝  Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ուզում է գնալ թոշակի:

«Ես համամիտ եմ այդ մտքին, նա վաղուց է գնացել թոշակի: Հայաստանի ցանկացած քաղաքացի, ցանկացած թոշակառու էլ կարող է իր դիրքորոշումներն արտահայտել: Այնպես որ, չի խանգարի, որ ե՛ւ գնա թոշակի, ե՛ւ իր դիրքորոշումներն արտահայտի»,-նկատեց Սահակյանը:

Դիտարկմանը, թե ի՞նչն է հիմք տալիս իրեն նման ենթադրություն անելու համար, արդյո՞ք Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը ՀՀՇ  համագումարում, ՀՀԿ փոխնախագահը պատասխանեց. «Ես այդ ելույթը մինչեւ վերջ չեմ էլ կարդացել, բայց կարծում եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը արդեն 12 տարի առաջ թոշակի է գնացել: Էնպես որ, դա հիմա երեւի ավելի ընդգծված կողմնորոշում է»:

Հարցին, թե նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյա՞նն էլ է թոշակի գնացել, Սահակյանն արձագանքեց. «Ոչ, քանի որ Ռոբերտ Քոչարյանը արարող նախագահ է եղել եւ չի հրաժարվել իր պոստից: Նա միշտ կարողացել է իր պոստում մնալ եւ այն խնդիրները, որոնք իր առջեւ դրել է, կարծում եմ, լուծել է»: