Պնդումը, թե ՄԱԿ-ի միջազգային  դատարանի՝ Կոսովոյի վերաբերյալ ընդունած որոշումը վերաբերում է բացառապես Կոսովոյին, եւ չի կարող կիրառվել այլ նմանօրինակ դեպքերում, մեղմ ասած՝ իրականությանը չի համապատասխանում։ Հուլիսի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը։

Նրա համոզմամբ, Հայաստանն անընդհատ պետք է շեշտի, որ Հաագայի դատարանը ճիշտ տեսակետ է հայտնել՝ այս կերպ միջազգային հանրությանը հուշելով, որ Կոսովոյի նախադեպը կարող է հիմք հանդիսանալ նաեւ Լեռնային  Ղարաբաղի համար։ «Կարեւոր է, որպեսզի մենք անենք ամեն բան՝ շեշտելու համար, որ ԼՂՀ ճանաչումը եւս չի հակասի միջազգային ոչ մի նորմի։ ՄԱԿ-ի  դատարանի՝ Կոսովոյի վերաբերյալ որոշումը հավելյալ հնարավորություն է` ընդգծելու, որ ԼՂՀ միջազգային ճանաչումը միջազգային իրավունքի սահմաներում է»,- համոզմունք հայտնեց Մանոյանը՝ կոչ անելով չսեւեռվել այն գաղափարի վրա, որ որոշումը յուրահատուկ է միայն Կոսովոյի մասով։

ՀՅԴ ներկայացուցչի խոսքով, Արդարադատության միջազգային դատարանի որոշումը հստակ էր։ «Այն իր տեսակով կարելի է քաղաքական համարել, ինչը մեզ համար առավել ակտիվ հանդես գալու առիթ պետք է հանդիսանա։ Այս առիթը պետք է օգտագործել՝ ԼՂՀ խնդրի կարգավորման հարցը բարձրաձայնելու համար»,- նշեց Մանոյանը։

Ամփոփելով՝ նա հավելեց, որ սա այն դեպքն է, երբ Արցախի ձայնը հնարավորինս բարձր պետք է լսվի ոչ միայն Երեւանում, այլ նաեւ դրա սահմաններից դուրս։

Հիշեցնենք, որ Հաագայում գտնվող ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հուլիսի 22–ի վճռում ասվում է, որ Կոսովոյի՝ Սերբիայից անջատվելով եւ  միակողմանիորեն անկախ հռչակվելով՝ որեւէ միջազգային օրենք չի խախտել: Մինչ օրս Կոսովոյի անկախությունը ճանաչել են ավելի քան վեց տասնյակ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն ու Եվրամիության 27 անդամ երկրներից 22-ը: