Հունաստանի կառավարությունը ոչ պաշտոնական կարգով դիմել էր Արժույթի միջազգային հիմնադրամին երկրի պարտքի մասնակի մարման ժամկետը երկարաձգելու խնդրանքով, սակայն բացասական պատասխան է ստացել։ Այս մասին գրում է Financial Times –ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Մասնավոր քննարկումների ժամանակ Հունաստանի ներկայացուցիչներին համոզել են պարտքի մարման ժամկետի երկարաձգման հարցով պաշտոնական հայց չներկայացնել, գրում է «Ինտերֆաքս»-ը։
Ավելի վաղ Աթենքը ԱՄՀ-ին 450 մլն եվրո էր վճարել, սակայն մայիսի 1-ին նա պարտավոր է կատարել հաջորդ մարումը 195.1 մլն եվրոյի չափով։ Ընդ որում, կառավարությունը նույն այդ ժամանակահատվածի համար գումար պետք է հայթայթի աշխատավարձերը վճարելու համար։
ԱՄՀ պաշտոնյաները բազմիցս կրկնել են, որ պարտքի մարման ժամկետի երկարաձգումը հնարավոր է միայն բարեփոխումների նոր ծրագիրը ամբողջովին կյանքի կոչելուց հետո։



























