ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալներ Արեւիկ Պետրոսյանը եւ Սամվել Նիկոյանը հուլիսի 28-ին Երեւանում ընդունել են ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանին եւ շնորհավորել նրան այդ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Հայաստանի խորհրդարանում ԼՂՀ ԱԺ-ի ներկայացուցիչ Կարեն Թոփչյանը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում երկու խորհրդարանների փոխնախագահները անդրադարձել են Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցությանը, խորհրդարանական դիվանագիտության զարգացման հեռանկարներին, ինչպես նաեւ Կոսովոյի անկախության վերաբերյալ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշմանը:

ԼՂՀ խորհրդարանի փոխնախագահը կարծիք է հայտնել, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի կողմից Կոսովոյի անկախության ճանաչման նախադեպը կարող է նպաստել նաեւ ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացին: Այս համատեքստում նա կարեւորել է նաեւ միջխորհրդարանական դիվանագիտության  դերը: Նրա համոզմամբ` ԼՂՀ միջազգային ճանաչումը չի խաթարի ԼՂՀ հակամարտության բանակցային գործընթացը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի վերջին զարգացումներին, միջխորհրդարանական տարբեր ձեւաչափի կառույցներում ղարաբաղյան հիմնախնդրի, այդ կառուցներում ԼՂՀ տեսակետների ներկայացման հարցերին: