Հռոմի պապի մատուցած սուրբ պատարագից հետո Թուրքիան այնուամենայնիվ հարաբերությունները չի խզի Վատիկանի հետ։ Այսօր՝ ապրիլի 20-ին, լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։
«Չեմ կարծում՝ Թուրքիան կխզի տնտեսական եւ ռազմական հարաբերությունները որեւէ պետության հետ։ Կարծում եմ՝ երկու-երեք ամիս անց ամեն ինչ կընկնի տեղը։ Մենք բազմաթիվ անգամ ենք սրա ականատեսը եղել։ Հիշենք 2001թ.-ից առաջ Թուրքիան ասում էր՝ սա կանենք, դա կանենք, թե Ֆրանսիան ընդունի Հայոց ցեղասպանությունը։ Երբ Ֆրանսիան ընդունեց, Թուրքիան մի քանի ամիս էլ խոսեց, բայց հետագայում այս երկու երկրների հարաբերությունները խորացան»,- ասաց Կիրո Մանոյանը՝ նշելով, որ Թուրքիան ամեն ինչ անում է միմիայն իր շահերից ելնելով։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հռոմի Պապը Վատիկանում ապրիլի 12-ին սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագի ժամանակ հայտարարել է, որ հայերը 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհ են դարձել իրենց ազգային պատկանելիության համար: Պատարագից անմիջապես հետո Թուրքիան հետ է կանչել Վատիկանում Թուրքիայի դեսպանին։




























