ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը կարծում է, որ եթե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մինչեւ մայիսի 9-ը չարտաբերի «Ցեղասպանություն» բառը, ապա նրան պետք է ասել, որ մենք այլեւս նրանից այդպիսի հայտարարություն չենք ուզում։

Այսօր՝ ապրիլի 20-ին, լրագրողների հետ զրույցում Մանոյանն ընդգծեց, որ Օբաման պետք է հասկանա, որ հնարավոր է ծիծաղելի իրավիճակում հայտնվի։

«Պետք է ԱՄՆ նախագահը հասկանա, որ եթե հենց Թուրքիայի նախագահն ասաց Ցեղասպանություն, ինքն էլ մյուս օրը կրկնեց, ինքը կհայտնվի ծիծաղելի իրավիճակում։ Մայիսի 7-9-ը ԱՄՆ-ում սպասվում են միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որին ներկա են լինելու նաեւ մեր երկու կաթողիկոսները։ Եթե մինչեւ այդ Օբաման չասաց «Ցեղասպանություն» բառը, ապա պետք է նրան ասենք, որ էլ չենք ուզում՝ ինքն այդ բառն ասի»,- ասաց Կիրո Մանոյանը։

Նա չբացառեց, որ Օբաման այս տարի իր ելույթում կօգտագործի «Ցեղասպանություն» բառը։