Երեւանում ապրիլի 22-23-ին տեղի կունենա «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» գլոբալ հասարակական-քաղաքական համաժողովը։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները կազմակերպող հանձնաժողովի նախագահ Վիգեն Սարգսյանը:
Նրա խոսքով՝ համաժողովը նվիրված է ոչ միայն Հայոց ցեղասպանությանը, այլեւ աշխարհում բոլոր ցեղասպանությունների դեմ պայքարին:
«Միջոցառման համակարգողը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն է: Նախատեսված է, որ համաժողովի երկրորդ օրը նվիրված կլինի խորհրդարանական ձեւաչափին, իսկ նստաշրջանը ապրիլի 22-ին կանդրադառնա ցեղասպանության հանցագործության քաղաքական ու իրավական ասպեկտներին»,-նշել է Վիգեն Սարգսյանը:
Նրա ներկայացմամբ, ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունը: «Միջոցառումը բաց է բոլոր ցանկացողների համար, սակայն մենք կոչ ենք անում Էջմիածին չգնալ սեփական մեքենաներով, քանի որ մուտքը քաղաք սահմանափակ է լինելու: Կոչ ենք անում օգտվել հասարակական տրանսպորտից, որը տրամադրում է Երեւանի քաղաքապետարանը: Էջմիածնում արարողությունը կավարտվի խորհրդանշական ժամի՝ 19.15-ին, մեկ րոպե լռությամբ»,-ընդգծել է Սարգսյանը:
Ապրիլի 24-ի վաղ առավոտյան ավելի քան 60 պաշտոնական պատվիրակություններ, ինչպես պետական, այնպես էլ միջազգային կազմակերպությունների մակարդակով, կայցելեն «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիր:
«Ժամը 11.00-ին «Ծիծեռնակաբերդում» կսկսվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգման արարողությունը: Այս տարի քաղաքացիների համար մուտքը հուշահամալիր հնարավոր կլինի ժամը 13.00-ից: Ցանկալի է «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիր այցը նախատեսել ավելի ուշ ժամերի»,-հավելել է Վիգեն Սարգսյանը:





























