ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տնօրեն Քարեն Հիլլիարդին եւ նրա հետ քննարկել կրթության եւ գիտության ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքը եւ շարունակականությունը:

ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարը շնորհակալություն է հայտնել տիկին Հիլլիարդին` ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացված մի շարք ծրագրերի կապակցությամբ` ընդգծելով, որ գործակալությունն իրավամբ համարվում է նախարարության կարեւորագույն եւ վստահելի գործընկերներից մեկը:

Քարեն Հիլլիարդը նշել է, որ գործակալության աջակցությամբ իրականացվող ծրագրերը կշարունակվեն գյուղատնտեսական, ներառական կրթության եւ երեխաների իրավունքների պաշտպանության, զբոսաշրջության եւ մի շարք այլ ուղղություններով:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ ուսանողների շարժունության, կրկնակի դիպլոմների տրամադրման, ՀՊՃՀ-ում ԱՄՆ զարգացման գործակալության աջակցությամբ հիմնադրված Ազգային ճարտարագիտական լաբորատորիաների /ANEL/, ինչպես նաեւ Հայաստանում Ամերիկյան համալսարանի գործունեությանը: