Հայաստանում շուրջ 350 ծնողազուրկ երեխա բնակարանի կարիք ունի։ Այս մասին ապրիլի 21-ին խորհրդարանում հրավիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության՝ երեխաների հարցերով բաժնի պետ Լենա Հայրապետյանը։

«Դեռ չհաշված այն երեխաներին, որոնք զրկվել են ծնողներից, սակայն ժառանգաբար բնակարան չեն ստացել»,- ասաց պաշտոնյան։ Նրա խոսքով՝ նախարարությունը ակտիվ քաղաքականություն է վարում՝ փորձելով պայմաններ ստեղծել, որպեսզի պատանիներն ու աղջիկները անձամբ գումար վաստակեն բնակարանի  համար։ «Շենքերում, որտեղ նախկին մանկատան սաներին պետությունը բնակարան է վարձում, կան ապահով ընտանիքներ, որոնք հասարակական հիմունքներով օգնում են նրանց»,- հավելեց Հայրապետյանը։