Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը «1915 թվականի զոհերի հիշատակը՝ 100 տարի անց քաղաքականության ստվերում» վերնագրով հոդվածում անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման թեմային: BBC-ի ռուսական ծառայության հրապարակած հոդվածը ներկայացնում ենք որոշ կրճատումներով:

«2015 թվականի ապրիլի 24-ին Ստամբուլի հայ համայնքի տասնյակ հայտնի գործիչներ ձերբակալվեցին Օսմանյան կայսրության այն ժամանակվա իշխանությունների կողմից: Դա սկիզբն էր իրադարձությունների շղթայի, որոնք հանգեցրեցին զանգվածային տեղահանությունների եւ մեկ միլիոն հայերի սպանության, իրադարձություններ, որոնք երկու սերունդ անց սկսեցին հայոց ցեղասպանություն կոչել:

Ցավոք, Երեւանում նախանշված սգո արարողությունները մրցակից ունեն. միջոցառում Թուրքիայում՝ նվիրված Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին:

Ապրիլի 24-ը մեծ օր է Հայաստանի համար, այդ փոքրիկ երկրի համար հնարավորություն՝ ոչ միայն աշխարհին իր մեծ ողբերգության մասին հիշեցնելու, այլեւ համաշխարհային առաջնորդների ուշադրությունը գրավելու համար:

Նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսուա Օլանդը եւ, հնարավոր է, ԱՄՆ բարձրաստիճան ներկայացուցիչը կժամանեն Երեւան: Նրանց հետ բազմաթիվ հայտնիներ կլինեն, օրինակ՝ Ջորջ Քլունին:

Մինչ այդ, բրիտանական գահի ժառանգորդ արքայազն Չարլզն ու այլ երկրների բազմաթիվ ներկայացուցիչներ մեկնելու են Թուրքիան՝ ավելի համեստ արարողության:

Ավանդաբար, Գալիպոլիի ճակատամարտին նվիրված արարողությունն անցկացվում էր մարտի 18-ին կամ ապրիլի 25-ին: Վերջին օրը հայտնի է նրանով, որ հիշատակում են տարբեր մարտերի մասնակցած Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի զինվորականներին:

Սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 24-ն ընտրել է անկհայտ՝ խորապես սխալ մտադրությամբ՝ շեղել ուշադրությունը նույն օրն անցկացվող հայկական սգո արարողություններից: Դրանով Էրդողանը ջնջեց այն բարիքը, որը նրան բերեց անցյալ տարի 1915-1916 թվականներին զոհված հայերին ուղղված ցավակցությունը. առաջին նման հայտարարությունը թուրքական առաջնորդից: Թուրքական կառավարությունն այլեւս չի հերքում, որ հայերի հետ սարսափելի դեպքեր են պատահել, այն պարզապես պահանջում է, որ դրանք ցեղասպանություն չկոչեն»,- գրել է դե Վաալը:

Նա հիշեցրել է, որ այժմյան վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, 2013 թվականին հանդես գալով որպես ԱԳ նախարար, նշեց հայերի «անմարդկային տեղահանությունների» մասին՝ այդպիսով դեմ գնալով Թուրքիայի ավանդական տեսակետին, որի համաձայն, Օսմանյան կայսրությունում հայերի գրեթե ամբողջական անհետացումը պատահմունք էր կամ քաղաքացիական պատերազմի արդյունք:

«Վերջին տարիներին Թուրքիայում շատ բան է փոխվել: Թուրքական հասարակության երկու հատվածներ՝ ազատական մտավորականությունն ու քրդերը, որոշել են չհետեւել պատմության «հրաժարման» հին տարբերակից, որը հրաժարվում էր ճանաչել հայերի ոչնչացումը:

Ապրիլի 24-ին հիմնականում քրդերով բնակեցված Դիարբեքիր քաղաքում վերաբացված հայկական եկեղեցում հիշատակի պատարագ կմատուցվի եւ համերգ կկայանա: Ստամբուլի սրտում՝ Թաքսիմ հրապարակում, հիշատակի արարողություն կկայանա: Սակայն թուրք հասարակության մեծ մասը չի փոխել կարծիքը:

Թուրքիայի կառավարության եւ հայկական սփյուռքի միջեւ վեճի էությունը, որոնց պապերն ու նախապապերը զոհվել են կամ վերապրել տեղահանության ժամանակ, 1915 թվականի իրադարձություններն ու «ցեղասպանություն» եզրույթն են:

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները նույնպես շարունակում են սառը մնալ, բայց այս դեպքում պատճառի արմատը տարածաշրջանային քաղաքականությունն է, ավելի հստակ՝ Ադրբեջանի հետ Թուրքիայի դաշնակցային հարաբերությունները եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

Իրականում գրեթե ոչ ոք օգուտ չի քաղել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սառեցված հարաբերություններից: Հայաստանը շարունակում է մեկուսացված եւ աղքատ մնալ, Թուրքիան չկարողացավ կարեւոր տերություն դառնալ Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հակամարտությունը դեռեւս կարգավորված չէ»: