Երեւանի քաղաքապետի՝ Ծարավ Աղբյուր փողոցի բնակիչներին տրված խոստումը՝ պուրակ եւ զբոսայգի կառուցելու մասին, ուժի մեջ է եւ կկատարվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ապրիլի 14-ին Երեւանի քաղաքապետարանը նշված տարածքի մի մասն օտարել է «Գազպրոմ-Արմենիային» սպորտային համալիր կառուցելու համար, իսկ մի մասն էլ՝ Ծարավ Աղբյուր փողոցի 55/6 շենքի հարակից տարածքը օտարել է «Երեւանի պետական համալսարանի շրջանավարտների միավորմանը»՝ բազմաբնակարան շենք կառուցելու համար։ Քաղաքապետարանից խնդրել էինք պարզաբանել՝ արդյոք պուրակի նախագիծը ի սկզբանե հաստատված է եղե՞լ, եթե այո, ե՞րբ է որոշում կայացվել նախագիծը փոխելու եւ տարածքում այլ շինություն կառուցելու վերաբերյալ։ Այս մասին մեզ ուղարկված պատասխանի մեջ նշված է հետեւյալը. «2014թ. մարտ 3-ին Ծարավ Աղբյուրի փողոցում «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի կողմից իրականացվող բնակարանաշինական ծրագրերի ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետի տվյալ տարածք կատարած շրջայցի շրջանակում ներկայացվել է բնակելի թաղամասին կից նախկին զորամասային տարածքի գոտու կառուցապատման նախագծային առաջարկ, որով առաջարկվում էր տվյալ հատվածում վարչական շրջանի, ինչպես նաև նշված նորակառույց բնակելի թաղամասի բնակիչների սպասարկման համար ձևավորել համապատասխան ֆունկցիոնալ գոտի, որն իր մեջ ներառելու էր մանկապարտեզ, մանկական խաղահրապարակներ, մարզական և հանգստի միջավայր։ Միևնույն ժամանակ, կառուցապատման քննարկումների շրջանակում, դիտարկվել է նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից առաջարկված ուսումնամարզական համալիրի ներդրումային ծրագիր-առաջարկը և «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի կողմից ներկայացված բնակելի շենքի կառուցման առաջարկը, ինչպես նաև շրջակա բնակելի և հասարակական գոտիների սպասարկման համար անհրաժեշտ էլեկտրական ենթակայանի տեղադրման առաջարկը։ Նշված խնդիրների համակարգված լուծման ուղղությամբ «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից մշակվել է կառուցապատման մի շարք էսքիզային տարբերակներ, որի արդյունքում առաջարկվել է ուսումնամարզական համալիրի կազմում նախատեսել ավագ դպրոց՝ 450 աշակերտական տեղով, միջնակարգ դպրոց՝ 500 աշակերտական տեղով, մանկապարտեզ՝ 250 երեխայի համար, մարզաառողջարարական համալիր՝ ունիվերսալ փակ դահլիճով, փակ սահադաշտ՝ 350 հանդիսատեղով, մինի ֆուտբոլի դաշտ, փակ լողավազան, ստորգետնյա ավտոկայանատեղեր, զբոսապուրակ (բուլվար), զբոսայգի։ Համաձայն մշակված էսքիզային տարբերակների, նախատեսված է տվյալ հատվածում ստեղծել պուրակ՝ 5500 քմ ընդհանուր մակերեսով: Բացի այդ, շուրջ 9000 քմ էլ կկազմի առկա և կառուցվող բնակելի շենքերի միջանկյալ հատվածների և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ուսումնամարզական համալիրի հարակից տարածքի, նաև «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի կողմից կառուցվող շենքի հարակից տարածքի կանաչապատ մակերեսը:Այդպիսով մեկ անգամ ևս հաստատում ենք, որ Երևանի քաղաքապետի կողմից տրված խոստումն ուժի մեջ է և կկատարվի: Ինչ վերաբերում է 2014-ին ներկայացված նախագծային առաջարկի հաստատված լինելու Ձեր հարցմանը, ապա տեղեկացնում ենք, որ քաղաքապետին ներկայացված նախագիծը էսքիզային տարբերակ է եղել, որը հաստատում չի ենթադրում»:
Իսկ թե ինչու այդ մասին չեն տեղեկացվել հարակից շենքերի բնակիչներին, քանի որ նոր շենքի կառուցումը լրացուցիչ անհարմարություններ է առաջացնելու բնակիչների համար, նաեւ նրանք զրկվելու են երեխաների խաղահրապարակ ունենալու հնարավորությունից, մեզ հայտնել են, որ օրենքով նման պահանջ նախատեսված չէ: «Իսկ ինչ վերաբերում է ենթադրյալ անհարմարություններ առաջացնելուն, ապա հարկ ենք համարում նշել, որ վերոնշյալ նախագծով տվյալ տարածքում կապահովվի կենսագործնեության առավել բարենպաստ միջավայր: Աշխատանքային նախագծերի հետագա մշակման ընթացքում կկազմվի նաև շինարարական աշխատանքների կազմակերպման հատուկ տեխնոլոգիական սխեմա, դրանք համակարգված կերպով իրականացնելու համար»,-հայտնել են քաղաքապետարանից։





























