Սինգապուրում օգոստոսի 14-26-ը անցկացվելիք օլիմպիական պատանեկան ամառային առաջին խաղերին Հայաստանից կմասնակցեն  14 մարզիկ-մարզուհիներ, որոնք հանդես կգան 11 մարզաձեւերում:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունից, այդ 14 մարզիկներն են. ծանրորդներ Սմբատ Մարգարյանը (56կգ,Երեւան), Գոռ Մինասյանը (+85կգ, Գյումրի), հրաձիգ Ռոմիկ Վարդումյանը (10մ. օդամղիչ ատրճանակ ,Երեւան), նետաձիգ  Վասիլ Շահնազարյանը (Արմավիրի մարզ, գյուղ Մերձավան), մարմնամարզիկ Վահան Վարդանյանը (Երեւան), ձյուդոիստ Դավիթ Ղազարյանը (66կգ, Վանաձոր), բռնցքամարտիկ Հրայր Մաթեւոսյանը (60կգ,Երեւան), հունահռոմեական ոճի ըմբիշ Վարոս Պետրոսյանը (85կգ,Գյումրի), ազատ ոճի ըմբիշ Արտակ Հովհաննիսյանը (46կգ, Հոկտեմբերյան), աթլետ Դիանա Խուբեսերյանը  (100մ. վազք,Երեւան),   ջրացատկորդ   Գեւորգ Պապոյանը   (3մ. ոստնակացատկ, Երեւան),  թիավար Էդգար  Բաբայանը   (կանոե, սպրինտ, սլալոմ, Երեւան), լողորդներ Անահիտ Բարսեղյանը (թիկնալող, 50մ եւ 100մ, Երեւան) եւ Սերգեյ Պեվնեեւը (ազատ լողաոճ 50մ եւ 100մ, Երեւան):

ՀՀ պատվիրակության  գլխավոր հանձնակատարն է  ՀԱՕԿ-ի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը: Սինգապուր կմեկնեն նաեւ մարզիչներ  եւ  ՀԱՕԿ -ի պաշտոնյաներ:

Խաղերի բացումը տեղի կունենա օգոստոսի 14-ին: Մեր պատվիրակությունը մրցավայր կմեկնի օգոստոսի 10-ի լուսադեմին եւ կվերադառնա օգոստոսի 29-ին: