«Ազատամարտիկների դաշինքը» չի հրաժարվել իր ծրագրերից եւ նպատակներից, պարզապես այժմ քննարկումների փուլում են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ, Ապարանի ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը:
Նա նշեց, որ այժմ մշակում են իրենց մարտավարությունները, սպասում են քաղաքական կյանքում ուժերի վերադասավորմանը, պարզեցմանը: «Մեր մարտավարությունը նույնն է մնալու, իշխանափոխությունը ուժի մեջ է, առայժմ հանդիպումների, քննարկումների, կոնսուլտացիաների փուլն է, պետք է քաղաքական ուժերի հետ էլ հստակեցնենք, մենք կլինենք նրա կողքին, ում ժողովուրդը կվստահի, կաջակցենք հենց այդ ուժին»,-ասաց Ռազմիկ Պետրոսյանը:
Ինչ վերաբերում է, օրինակ, Հիմնադիր Խորհրդարանի հանրահավաքներին մասնակցելուն, ազատամարտիկն ասաց, որ չեն մասնակցում դրանց, մասնակցել են կալանավորվածներին ազատ արձակելու պահանջով հրավիրված հանրահավաքին: Նրա կարծիքով՝ առաջիկայում ՀԽ կալանավորված անդամներին ազատ կարձակեն, եթե չազատեն, այդ դեպքում իրենք իրենց դիրքորոշումը կհայտնեն:
Հիշեցնենք, որ «Ազատամարտիկների դաշինքը» հայտարարել էր, որ մինչեւ ամսի 24-ը ներքաղաքական խնդիրներին չի անդրադառնալու, որեւէ միջոցառում չի կազմակերպելու:





























