Թուրքիայի՝ ԵՏՄ-ին անդամակցելու հնարավորության մասին հայտարարությունը արվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցից հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՌԱՀՀԿ ղեկավար, փորձագետ Մանվել Սարգսյանը:
Ղազախստանի գործող նախագահ, «Նուր Օթան» (Հայրենիքի լույս) կուսակցության առաջնորդ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է, որ Թուրքիան հետաքրքրված է ԵՏՄ-ով, նաեւ փորձում է թուրքական շահերը ներկայացնել ԵՏՄ-ում: Փորձագետը նկատեց, որ այդ հայտարարությունից առաջ որոշակի լարվածություն է սկսվել Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ, այժմ Թուրքիան մեծ խնդիրներ ունի նաեւ Արեւմուտքի հետ, եւ կարծես ԵՏՄ-ից նրան ասում են, որ «արի այստեղ, մեզ մոտ, ինչ գործ ունես Արեւմուտքի հետ»:
Մանվել Սարգսյանը շեշտեց, որ ամեն ինչ դեռ մշուշոտ է, ԵՏՄ-ում լավ չեն պատկերացնում, թե ինչ պետք է արվի, դեռ այն չի կայացել, ուր մնաց մտածել Թուրքիայի անդամակցության մասին: «Որեւէ կոնկրետություն չկա, բոլորն էլ խնդիրներ ունեն, ԵՏՄ-ում էլ լավ հասկացել են, որ ոչ մի բան տեղից չի շարժվում, միայն առաջարկներ, պլաններ ենք լսում, ոչինչ չի ստացվում, հեքիաթներ են, որ հյուսվում են»,-ասաց նա: ՌԱՀՀԿ փորձագետը շեշտեց, որ իհարկե ԵՏՄ-ում շահագրգռված են, որ ավելի շատ երկրներ ներգրավվեն, բայց այդ գիծը հստակ չի: Նա նշեց, որ Թուրքիայի ԵՏՄ-ում հայտնվելու դեպքում Հայաստանի համար կա մեծ վտանգ, առանց այդ էլ այն վիճակում, որում Ռուսաստանն է գտնվում, բավականին մեծ խնդիրներ են ստեղծվում: «Ամեն դեպքում, նույնիսկ այսօր Հայաստանը լիքը մտահոգվելու խնդիրներ ունի ԵՏՄ-ում՝ չունենալով ձայնի իրավունք, պատկերացնում եք, թե ինչ կլինի, եթե Թուրքիան եւս անդամակցի այդ կառույցին»,-ասաց փորձագետը:




























