Ավարտվել է Ծաղկաձորում կազմակերպված 2015 թվականի Շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի տեխնիկական աջակցության շնորհիվ, առաջնության մասնակիցներն ու լրագրողները ապրիլի 18-29-ը ապահովված էին գերարագ ինտերնետ կապով: Ծաղկաձորում ընթացող առաջնության կազմակերպման նպատակով, ՎիվաՍել-ՄՏՍ-ը Ծաղկաձորի Գոլդեն Փելիս Ռեզորթ հյուրանոցի խաղասրահի տարածքն ապահովել էր ինտերնետ հասանելիությամբ, տրամադրել էր գերհզոր սերվեր, որի շնորհիվ գործում էր www.wtcc2015.am կայքը: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն աջակցում էր նաեւ ամբողջական տեխնիկական սպասարկմամբ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի տրամադրած լայնաշերտ ինտերնետ կապի առաջադեմ տեխնոլոգիաների եւ մինչեւ 1000 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետի շնորհիվ, աշխարհի տարբեր անկյուններում գտնվող շախմատի սիրահարները հնարավորություն ունեցան մրցաշարը դիտել առցանց ռեժիմով: Գերարագ ինտերնետի շնորհիվ, հնարավորություն կար մրցաշարի մասին պատմող պատկերներն ու տեսանյութերը վերբեռնել եւ հասանելի դարձնել լայն հանրությանը: Շախմատի սիրահարները հնարավորություն ունեցան իրենց համար նախընտրելի վայրից հետեւել մրցաշարի ընթացքին, մարզիկների յուրաքանչյուր քայլին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները մրցաշարի անցկացման օրերին հետեւել են ցանցի աշխատանքին եւ անհրաժեշտության դեպքում` մասնակիցների եւ հյուրերի համար ապահովել տեխնիկական աջակցություն:

Հիշեցնենք, որ 2015 թվականի Շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնությանը մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի, Եգիպտոսի, Ուկրաինայի, Կուբայի, Հունգարիայի եւ Իսրայելի շախմատի հավաքականները: