Ռուսական «Ռոսիա 24» հեռուստաընկերության եթերում ռուսական «Գազպրոմ» ԲԲԸ ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել էր, որ Հայաստանի համար սահմանին գազի գինը 1000 խ/մ-ի դիմաց 189 դոլարից նվազել է մինչեւ 165 դոլար։ Այդ գինը ներառում է նաեւ Վրաստանով ռուսական գազի տրանզիտը (10%) եւ փոխադրման ծախսերը՝ ($18)։
Հիշեցնենք, որ 2013թ. ռուսական բնական գազի թանկացման պատրվակով Հայաստանում ներքին սակագները բարձրացել էին։ Մասնավորապես 10 000 խ/մ-ից պակաս գազ սպառող բաժանորդների համար սակագինը աճել էր 18.2 տոկոսով եւ կազմել 156 դրամ մեկ խ/մ-ի դիմաց։
Սակայն ռուսական գազի գինը շուտով վերանայվեց։ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշումից հետո ռուսական կողմը չեղյալ հայտարարեց Հայաստան բանական գազ արտահանելու 30 տոկոս տուրքը։ Արդյունքում էներգակրի արժեքը նվազեց գրեթե մինչեւ մեկնարկային գնին՝ 1000 խ/մ-ի դիմաց կազմելով 189 դոլար։ Սակայն սա արդեն բարձրացված մանրածախ սակագնի վրա բացարձակ չանդրադարձավ։
Կվերանայվե՞ն սակագները ռուսական գազի ակնկալվող էժանացումից հետո, դեռ հայտնի չէ։ Նշենք, որ գազի էժանացումը միաժամանակ կհանգեցնի նաեւ ԱԱՀ-ի նվազեցմանը։ Այնպես որ շահույթը կրկնակի կինի։ Հարցը միայն այն է, թե ո՞ւմ համար՝ բաժանորդների, թե՞ մենաշնորհ ընկերության։




























