Նիգավան գյուղում ինքնասպանություն գործած 21-ամյա երիտասարդի մոտ եղել է էպիլեպսիա հիվանդություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գյուղապետ Արտաշես Գալստյանը:
Նա նշեց, որ մահացածը իր ազգականն է՝ հորեղբոր թոռը: «Շատ նորմալ, լավ ընտանիք են, քույր, եղբայր էին, մայրը ուսուցչուհի է դպրոցում, հայրը զբաղվում էր գյուղատնտեսության աշխատանքներով: Ինքը ամբողջ օրը տունն էր լինում, այդպես չէր շփվում, քույրն էլ Երեւանում է սովորում»,-պատմեց գյուղապետը:
Նա նշեց, որ որդուն կախված վիճակում հայտնաբերել է մայրը դպրոցից տուն վերադառնալուց հետո, հայրը այդ ժամանակ դաշտում է եղել: Երիտասարդը որեւէ գրություն չի թողել, բոլորը զարմացած են, թե ինչը կարող էր նրան դրդել նման քայլի:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Նիգավան գյուղում: Գյուղի 21-ամյա բնակչին հայտնաբերել են տանը կից անասնագոմի ծածկից մետաղյա խողովակից կախված:
Ըստ նախնական տեղեկությունների, երիտասարդը ինքնասպանություն է գործել: Նշանակվել է փորձաքննություն, կատարվում է քննություն:





























