Այս տարվա առաջին եռամսյակում Երեւանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը, որը մտնում է աշխարհի ալյումին արտադրող առաջատարներից մեկի՝ UC RUSAL կազմի մեջ, թողարկել է 7818 տոննա արտադրանք՝ 9 տոկոսով գերազանցելով անցյալ տարվա ցուցանիշը:

Հաշվետու ժամանակահատվածում սպառողներին առաքվել է 7930 տոննա ալյումինե փայլաթիթեղ (3% աճ), բեռնվել է գրեթե 500 արտահանման պատվեր (5% աճ): Մեկ աշխատակցին բաժին ընկնող արտադրանքը ավելացել է 8,6%:

Ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին ԱՐՄԵՆԱԼ-ում ամսական միջին աշխատավարձը հասել է 367 հազար դրամի, որը 10,7% ավելի է 2014 թ. առաջին եռամսյակի ցուցանիշից եւ 2,1 անգամ գերազանցում է հայաստանյան միջին աշխատավարձը: