Գեղարքունիքի մարզում ապրիլի 10-ին ուժեղ քամուց տուժել է 22 համայնք՝ այլ շինություններ համատեղ վերցրած, իսկ պատճառած վնասի չափը նախնական կազմում է 24 մլն 130 հազար դրամ: Այս մասին NEWS.am-ին ասաց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
Նա հայտնեց, որ քամու պատճառած վնասները հիմնականում վերականգնվել են:
«Հենասյուները, օժանդակի շինությունների ծածկերն ամբողջությամբ վերականգնվել են: Բնակելի տների տանիքները նույնպես փոխվել են: Միայն Վարդենիսի բազմաբնակարան շենքերի տանիքներն են մնացել: Դրանք էլ շուտով կարվեն»,- ասաց մարզպետը:
Նա նշեց, որ վնասի փոխհատուցման խնդրանքով կառավարությանը չեն դիմել, ամեն ինչ արել են տեղական ուժերով:
«Համայնքապետարաններն ու գյուղապետարանները որոշակի միջոցներ են հատկացրել: Բացի դրանից՝ վերանորոգումների մի մասն էլ արվել է հին նյութերի միջոցով»,- ասաց մարզպետը:
Նշենք, որ ապրիլի 10-ին վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզում ուժեղ քամու հետեւանքով վնասվել եւ պոկվել են տան տանիքներ, շրջվել են հենասյուներ: Մարզպետարանում կազմվել էր հանձնաժողով` վնասի չափերը ճշտելու համար:





























