ՀՀ սփյուռքի նախարարության, Հայերենի և հայագիտության ինտերնետային կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ ստեղծվել է «Հայերենի և հայագիտության ինտերնետային կենտրոն» (ISMA) բազմալեզու թարգմանիչ ծրագիր, որի մեջ ներառված է առկա հայերեն բացատրական և թարգմանչական բոլոր 25 բառարանները:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ծրագրի շնորհանդեսին նշեց, որ այս շտեմարանը մեծ նվեր է Արևմտյան Հայաստանում բնակվող մեր հայրենակիցների համար, որոնք չգիտեն հայերեն. «Արևմտյան Հայաստանում ապրում են հազարավոր ծպտյալ և իսլամացած հայեր, որոնց հետ պետք է աշխատել և սովորեցնել հայերեն: Եվ այս ծրագիրը հնարավորություն է տալիս էլեկտրոնային տարբերակով հայոց լեզուն հասանելի դարձնել նրանց»:
«Հայերենի և հայագիտության ինտերնետային կենտրոն» բազմալեզու թարգմանիչ ծրագրի հեղինակ, ՀՊՃՀ պրոֆեսոր Էդուարդ Մանուկյանը նշեց, որ ստեղծված բառարանն արդեն առցանց հասանելի է նաև բջջային հեռախոսների Android օպերացիոն համակարգի համար։
«Արևմտյան Հայաստանի հայերը բջջային հեռախոսով աշխատող բազմալեզու թարգմանչական-բացատրական բառարանների օգնությամբ այսուհետ կարող են սովորել հայերեն: Ծրագիրն ստեղծելիս ավելի շատ կենտրոնացել ենք Թուրքիայում բնակվող ծպտյալ հայերին հայերենը հասանելի դարձնելու ուղղությամբ, և հենց այդ պատճառով էլ այս ծրագրի համար ընտրել ենք «Հայոց լեզուն հասանելի դարձնել Թուրքիայի տարածքում բնակվող ծպտյալ հայերին» կարգախոսը»,-ասաց Մանուկյանը:
Նշենք, որ բառարանում ներառված են արևելահայերեն 98000, արևմտահայերեն 97500, գրաբար 14500, անգլերեն 11700, ռուսերեն 99000, թուրքերեն 44000, գերմաներեն 9000, լատիներեն 9000, ֆրանսերեն 4000, քրդերեն 20000, լեզգիների 7000, զազակի 1000, թալիշերեն 30000 բառ:
Օնլայն բառարանը հասանելի է ՝ translator.am հասցեով։





























