Երեւան-Գյումրի ավտոճանապարհին 2014թ. նոյեմբերին տեղի ունեցած՝ բեռնատարի եւ երթուղայինի ողբերգական ավտովթարից հինգ ամիս անց տուժածները դեռ առողջական խնդիրներ ունեն: 36-ամյա Զարուհի Հովհաննիսյանն ու նրա որդին՝ 14-ամյա Էդմոն Սիմոնյանը, հետագա բուժման համար անհրաժեշտ գումար չունեն։ NEWS.am-ի հետ զրույցում Զարուհի Հովհաննիսյանն ասաց, որ պետությունը հոգացել է միայն իրենց առաջին բուժօգնության ծախսերը։

«Մենք դեռ չենք առողջացել, ես էլ, որդիս էլ բուժան կարիք ունենք, բայց մեծ գումարների հետ է կապված, որը չունենք, ամուսինս արդեն քանի ամիս է, չի աշխատում, նա արտագնա աշխատանքով է զբաղվում, չի գնացել, որովհետեւ մեզ է խնամում, տղաս երկար ժամանակ չէր կարողանում տեղաշարժվել, հայրն էր օգնում»,- ասաց Զարուհի Հովհաննիսյանը:

 14-ամյա Էդմոն Սիմոնյանը վթարի պատճառով  ստացել էր 1-ին եւ 2-րդ կարգի բաց կոտրվածքներ, այրվածքներ, նրա ձեռքին դեռ առկա են այրվածքների սպիերը, իսկ  ոտքերը կրկնակի վիրահատության կարիք ունեն։

«Ոտքերի մեջ դեռ երկաթներ կան, որոնք պետք է  հանվեն, նա ճիշտ է՝ քայլում է, փառք Աստծո, բայց դեռ լիարժեք չի բուժվել, իսկ օգնողներ չունենք»,-ասաց Զարուհի Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ վթարի հետևանքով ուղևորատար մեքենան հրդեհվել էր, ինչի հետեւանքով 7 մարդ մահացել էր, ևս 8 հոգի՝ տարբեր մարմնական վնասվածքներով, տեղափոխվել հիվանդանոց:

Ըստ մեղադրական եզրակացության՝ «Իմէքս -Գրուպ» ՍՊԸ-ի վարորդ, 45-ամյա Մ.Վարդանյանն «Կամազ-53202» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով 2014 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում, Արթիկից Գյումրի ճանապարհվելիս, 108-րդ կմ ճանապարհահատվածում խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները՝ մասնավորապես՝ ճանապարհը չի զիջել գլխավոր ճանապարհով ընթացող թիվ 359 երթուղու «Գազ-32213» մակնիշի ուղևորատար ավտոմեքենային, ստեղծել է վթարային իրավիճակ և, ինքն իրեն զրկելով վթարը կանխելու տեխնիկական հնարավորությունից, մուտք է գործել խաչմերուկ, ապա բախվելով ուղևորատար մեքենային՝ վթարի է ենթարկվել:

Մ.Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: