«Ռոսկոսմոս»-ը պաշտոնապես ընդունել է «Պրոգրես»-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու, Միջազգային տիեզերակայանի հետ կապ հաստատելու անհնարինության փաստը եւ նշել ուղեծրից այն դուրս բերելու ժամկետները: Այս մասին ապրիլի 29-ին տրանսպորտային տիեզերանավերի հետ կապված իրավիճակին նվիրված ճեպազրույցում ասել է գործակալության ղեկավար Իգոր Կոմարովը:
«Պրոգրես»-ի բեկորները մայիսի 5-7-ը կմտնեն մթնոլորտի խիտ շերտեր: Ենթադրվում է, որ տիեզերանավի բեկորները չեն հասնի Երկրի մակերեւույթ, այլ կայրվեն մթնոլորտի խիտ շերտերում:
«Պրոգրես»-ի արձակման ծախսերը 2.6 մլրդ ռուբլի են կազմել, սակայն ապահովագրական ծախսերն ամբողջությամբ կծածկեն դրանք: Նավի հետ կապված անսարքությունները չեն ազդի Միջազգային տիեզերակայանի անձնակազմի կենսագործունեության վրա:
Ապրիլի 28-ին Բայկոնուրի տիեզերակայանից արձակված «Պրոգրես М-27М»-ը չի կարողացել ծրագրված ժամկետում կապվել Միջազգային տիեզերակայանի հետ: Որպես անսարքության պատճառ նշվում է «Սոյուզ 2.1a» հրթիռով ուղեծիր սարքի սխալ դուրսբերումը եւ դրա անվերահսկելի պտտումը սեփական առանցքի շուրջ:




























