Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղից Հայկավան տանող ճանապարհին հայտնաբերված 55-ամյա տղամարդը Մրգաշատ գյուղից է: Գյուղապետ Գեւորգ Դանիելյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ընտանիքը ապրում է սոցիալապես անապահով պայմանները, կինը դայակ է աշխատում մանկապարտեզում, ունի 2 չափահաս որդի:

«Հողագործ, քյասիբ ընտանիք են, խելոք մարդիկ, ինքը էն մարդը չէր, որ թշնամի ունենար, մեկը ցանկանար վնաս տար իրեն: 3 հորթ է ունեցել, վերցրել, գնացել է դաշտ, հետո տեսել են չկա, գնացել են, հայտնաբերել: Հնարավոր է ինֆարկտ խփած լինի, ինքը առողջական խնդիրներ էլ ուներ»,-ասաց գյուղապետը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղից Հայկավան տանող ճանապարհին հայտնաբերվել է 55-ամյա տղամարդու դի: Պարանոցի շրջանում հայտնաբերվել են վնասվածքներ: Կատարվում է քննություն: