Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով դատական նիստին այսօր՝ ապրիլի 30-ին, վկաներն չէին ներկայացել, չնայած որ պատշաճ ծանուցվել էին:

Այս հանգամանքը վրդովեցրեց ամբաստանյալ Իսրայել Սարգսյանին, որը տեղից վեր կենալով դիմեց նիստը նախագահող դատավորին:

«Ես չեմ հասկանում՝ խի՞ ա իմ դատն այսքան անիմաստ ձգձգվում, արդեն չորրորդն ամիսն է: Ի՞նչ նպատակ ա դրված, միտքը որնա՞: Ինձ անիմաստ բերել, հասցրել են ստեղ, մի հատ էլ պետք է մի քանի տարի սպասեմ, թե ինչ ա լինելու սրա վերջը»,-ասաց նա:

Գործով մեղադրողը միջնորդեց հետաձգել դատը եւ վկաներին կրկին ծանուցել:

Դատավորը բավարարեց մջնորդությունը: Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 22-ին:

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին, անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել եւ սպանել էր 41-ամյա Արթուր Սաֆարյանին՝ քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբորը: Ոստիկանները գործով կալանավորել են Իսրայել Սարգսյանին, որը Գոռ Վարդանյանի գլխավորած «Դուքենդո» ֆեդերացիայի անդամներից է, եւ Տիգրան Ասատրյանին: Քրեական գործով պարզվել էր, որ Իսրայել Սարգսյանն իր ընկեր Մովսես Ներսիսյանին պատվիրել է կատարել Արթուր Սաֆարյանի սպանությունը, իսկ կատարելուց հետո Մովսեսին սպանել է, դին տեղափոխել է Քանաքեռավանի դաշտ եւ նետել կոյուղու դիտահորը: Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր-օրի 104 հոդվածի 1-ին մասի 11 կետի (սպանություն) եւ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: