Ինչպես արդեն հաղորդվել է, Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում տեղի է ունեցել միջոցառում, որը կազմակերպվել է Բուենոս Այրեսի պատմամշակութային ժառանգության պահպանության հանձնաժողովի, Արգենտինայի պատմության ինստիտուտի ու Հայկական մշակութային ասոցիացիայի կողմից։

Առաջինը ելույթ է ունեցել Մշակութային ժառանգության պատմական ինստիտուտի գլխավոր տնօրեն Լիլիանա Բարելան, որը հավաքվածներին ներկայացրել է համաժողովի նպատակները։ Նա իր խոսքն ուղեկցել է հայոց լեզվին նվիրված բանաստեղծություններով։ Այնուհետև Բուենոս Այրեսի պատմամշակութային ժառանգության պահպանության հանձնաժողովի քարտուղար Լետիսիա Մարոնեսեն ներկայացրել է երկօրյա միջոցառման ասպեկտներն ու պատմել նախորդ համաժողովների մասին։ Այնուհետև ելույթ են ունեցել Արգենտինայի հայկական համայնքի ներկայացուցիչները, իսկ Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը ընդհանուր գծերով վերլուծել է հայ-արգենտինյան փոխհարաբերությունները՝ ընդգծելով Հայաստանի անկախության հռչակումից հետո ձեռք բերված նոր մակարդակը։

Երկօրյա համաժողովի ընթացքում ճարտարապետ Խուան Թուֆեկսյանը հակիրճ մասնակիցներին է ներկայացրել հայ ժողովրդի պատմությունը։ Պրոֆեսոր Նելիդա Բուրգուրդյանը պատմել է այն դերի մասին, որը հայերը խաղացել և խաղում են Արգենտինայի կյանքում։ Հետազոտող Անխել Պրինյանոն կիսվել է Flores Sur թաղամասի հայերի հետ կապված իր հիշողություններով։ Այնուհետև ներկայացվել է կրոնական թեմատիկան։ Դոկտոր Էդուարդո Պետրոսյանը խոսել է Արգենտինայի հայկական եկեղեցիների մասին, մոնսենյոր Կիսակ Մուրադյանը որոշ տեղեկություններ է հայտնել Հայ Առաքելական եկեղեցու մասին՝ անդրադառնալով նաև վերջինիս միջեկեղեցական ու միջկրոնական գործունեությանը։ Մի առանձին բաժին նվիրված է եղել ամերիկացի հայազգի մեծ գրող Ուիլյամ Սարոյանին։

Օրվա կենտրոնական թեման՝ Հայոց Ցեղասպանությունը, լուսաբանվել է դոկտոր Խաչիկ Տեր-Ղուկասյանի կողմից, որը անդրադարձել է իրենց սեփական շահերը հետապնդող որոշ պետությունների կողմից Ցեղասպանության մերժմանը։ Դոկտոր Լեանդրո Դեսպույը լուսաբանել է Լատինական Ամերիկայի հայերի կյանքի ու գործունեության հետ կապված հարցերը։ Հոգեբան Ռիտա Կույումջյանը վերլուծության է ենթարկել Ցեղասպանություն վերապրածների հոգեկան ապրումները՝ այդ փաստի մերժման լույսի ներքո։

Քննարկվել են նաև երկրում հայկական մամուլի ծագման և զարգացման հարցերը։ Այդ թեմայով պատմական էքսկուրս են կատարել Խորխե Կազանդյանն ու Դիանա Տեր-Կարապետյանը, համապատասխանաբար Diario Armenia и Semanario Sardarabad-ի ներկայացուցիչները։

Արվեստի հետ կապված հարցերը ներկայացվել են Օրասիո Սպիենտոյի կողմից, որը ներկայացրել է կերպարվեստը, Աննա Արզումանյանի կողմից, որը խոսել է պոեզիայի մասին, Խուան Թուֆեկսյանի կողմից, որը քողազերծել է ճարտարապետության որոշ նրբություններ և Էրմինա Խենսեսյանի կողմից, որն անդրադարձել է թատերական արվեստին։