Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է հանրահայտ ջազ երաժիշտներ Գարոն եւ Դիրան Թավիջյան եղբայրներին, ովքեր Երեւանում են` մասնակցելու Երեւանի քաղաքապետի նախաձեռնությամբ մայրաքաղաքում արդեն ավանդաբար անցկացվող ջազի միջազգային օրվա առթիվ Կասկադ համալիրում կազմակերպված համերգին: Արեւմտյան Հայաստանից տեղահանված եւ Մակեդոնիայում հաստատված Թավիջյանների սերնդի երիտասարդ ներկայացուցիչներն աշխարհահռչակ տարբեր երաժիշտների հետ արդեն ավելի քան չորս հարյուր համերգ են ունեցել:

Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ, հետեւելով եղբայրների գործունեությանը, բարձր է գնահատում ինչպես նրանց դերը համաշխարհային երաժշտության ասպարեզում, այնպես էլ այդկերպ հայապահպանության գործում նրանց ներդրած ջանքերը:

«Ամեն տարի քաղաքամայր Երեւանը բազմաթիվ հանրահայտ, այդ թվում հայ երաժիշտների է ընդունում: Ուրախ եմ նաեւ ձեր այցի համար եւ հպարտ, որ ունենք ձեզ նման հայրենակիցներ, ովքեր արժանանալով պատվաբեր բազմաթիվ կոչումների, միշտ բարձր են պահում հայի անունը: Մայրաքաղաքի դռները միշտ բաց են համայն հայության, այդ թվում ձեզ համար: Համոզված եղեք, որ քաղաքապետարանն իր լիազորության շրջանակում պատրաստ է աջակցել մշակութային բոլոր նախաձեռնություններին: Վստահ եմ, որ Երեւան առաջին այցից հետո մայրաքաղաքում երաժշտական նոր հանդիպումների հաճելի առիթներ էլի կլինեն»,-ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հայազգի ջազմեններին ստեղծագործական հաջողություններ, նոր ձեռքբերումներ, ինչպես նաեւ հաջող ու անմոռանալի համերգային երեկո մաղթել:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ հյուրընկալության եւ աջակցության պատրաստակամության համար՝ Թավիջյան եղբայրներն Երեւանից ստացած իրենց տպավորություններն են կիսել եւ նշել, որ անհամբեր սպասում են հանդիսատեսի հետ հանդիպմանը: Եղբայրները նաեւ տեղեկացրել են, որ երկար սպասված այցելության ընթացքում ստեղծագործական նոր մտահղացում է ծագել, եւ իրենք մտադիր են առաջիկայում հանդես գալ նոր ծրագրով ու աշխարհին ներկայացնել հայ դասական երաժիշտների ստեղծագործությունները:

«Անչափ տպավորված ենք Երեւանով եւ անբացատրելի զգացողություններ ունենք: Այստեղ մեզ իսկապես տանն ենք զգում: Ապրելով ու ստեղծագործելով հայրենիքից հեռու՝ մեզ համար կարեւոր է եղել հայ մշակույթի տարածումը: Վստահ ենք, որ առաջիկայում էլ այն լավագույնս ներկայացնելու հնարավորություն կունենանք: Մեկ անգամ եւս, պարոն քաղաքապետ, շնորհակալ ենք Ձեզ պատրաստակամության համար»,- նշել են Գարոն եւ Դիրան Թավիջյանները: