Շենգավիթ վարչական շրջանի Եղբայրության 22 շենքի բնակիչների բողոք-պահանջը Երևանի քաղաքապետարանը մասամբ բավարարել է:  Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունից NEWS.am-ին տեղեկացրին, որ քանի որ Եղբայրության 22 շենքի դիմացի շինության սեփականատեր Սարգիս Հովսեփյանը առանց համապատասխան թույլտվության կառույցի վրա որոշակի փոփոխություններ է կատարել, այն ճանաչվել է անօրինական շինություն, իսկ տարածքը՝ Երևան քաղաքի սեփականություն՝ հետագայում Սարգիս Հովսեփյանին օտարելու հնարավորությամբ: Առանց թույլտվության շինության վրա կառուցած ծածկը քաղաքապետարանի որոշմամբ քանդվել է։

Եղբայրության 22 շենքի բնակիչներին, սակայն, այս որոշումը չի բավարարում. նրանք պահանջում են շինությունն ամբողջությամբ քանդել։

«Եկան, կառույցի վրայի ծածկոցը քանդեցին, բայց մենք դրա համար կռիվ չենք անում, մենք ուզում ենք, որպեսզի այս շենքը քանդեն, պրծնենք: Մենք շարունակելու ենք մեր պայքարը այս ապօրինի շենքը ապամոնտաժելու և ապօրինաբար սեփականաշնորհված մեր շենքի դիմացի 120 քառակուսի մետր կանաչ տարածքը վերադարձնելու համար»,- NEWS.am-ի հետ զրույցու ասաց շենքի բնակիչներից Արմինե Հովհաննիսյանը։

Ի դեպ, քաղաքապետարանի որոշման մասին շենքի բնակիչները տեղյակ չէին։ Արմինեի խոսքով՝ դեռևս ապրիլի սկզբին Երևանի քաղաքապետարանին ուղղված  իրենց նամակին դեռ չեն պատասխանել։

Նշենք, որ շինությունը սեփականատերը մինչեւ հիմա օգտագործել է որպես մանրածախ վաճառքի կետ։ Բնակիչները տեղեկություններ ունեն, որ նա սեփականաշնորհել է նաեւ կառույցի հարակից կանաչ տարածությունը, որտեղ պատրաստվում է շինարարություն իրականացնել՝ շենքի բնակիչներին զրկելով բակի միակ կանաչ տարածքից։ 

Մեր հարցին, թե ինչու են շենքի բնակիչները 90-ականներին կառուցված կառույցի դեմ միայն հիմա բողոքում, շենքի բնակչուհին պատասխանեց, որ սկզբնական շրջանում այն պատկանել է իրենց նախկին հարևանին և երբ նա հետագայում այն փոխանցել է Սարգիս Հովսեփյանին, վերջինս որոշել է այդ կառույցը մեծացնել` շենքի բակի տարածքի հաշվին.

«Երբ մեր շենքի բնակչին էր պատկանում,  մի կերպ նրա խաթրից ելնելով, հանդուրժում էինք, բայց երբ մեր հարևանը սնանկացավ, կորցրեց և իր տունը և այդ կառույցը, և մեր շենքի դիմացի շինությունն  անցավ Սարգիսին, մեր համբերության բաժակը լցվեց, երբ իմացանք, որ նա ուզում է այդ խանութը մեծացնել` մեր շենքի բակում գտնվող միակ կանաչ տարածքի հաշվին»,-ասաց բնակչուհին:

Նրա խոսքով` շենքից ընդամենը 3 մետր հեռավորության վրա կառուցված շինության պատճառով շտապօգնության և հրշեջ մեքենաները չեն կարողանում մտնել շենքի բակ և անհրաժեշտ օգնություն ցուցաբերել բնակիչներին:

Եղբայրության 22 շենքի բնակիչները շարունակելու են բողոքել։ Այսօր էլ նրանք հավաքվել էին վիճահարույց տարածքում եւ պահանջում էին քանդել այն։