Սամվել Շառոյանը ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին ինձ տեղյակ է պահել ընդամենը խմբակցության նիստից 2 ժամ առաջ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանը:

Մինչդեռ Սամվել Շառոյանը ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու դիմում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղարկել էր ապրիլի 29-ին: Ինչ վերաբերում է կուսակցությունից դուրս գալուն, Շառոյանը  Թամարա Պողոսյանին հայտնել է, որ շարունակում է մնալ ԲՀԿ անդամ, դեռ  որոշում չի կայացրել: «Ես այդ մասին հայտնեցին կուսակցության նախագահին, կարծում եմ՝ նա ճիշտ որոշում է կայացրել, եթե կուսակցության անդամը չի կիսում կուսակցության գաղափարախոսությունը, ոչ մի տրամաբանություն չկա մնալու ԲՀԿ կազմում»,-ասաց Թամարա Պողոսյանը:

Նշենք, որ  մինչ այդ Երեւանի ԲՀԿ խմբակցությունից, ինչպես նաեւ կուսակցությունից դուրս էին եկել Արմեն Սահակյանըմ Ռաֆիկ Գյոզալյանը, Գեորգի Գրիգորյանը, ինչպես նաեւ խմբակցությունից դուրս էր եկել անկուսակցական Գուրգեն Եսայանը: Այժմ ԲՀԿ ավագանու խմբակցությունն ունի 12 անդամ:

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին տեղի է ունեցել Երեւանի ավագանու հերթական նիստը: Նախքան օրակարգի հարցերին անցնելը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ Սամվել Շառոյանը Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: Քաղաքապետը նաեւ նշել է, որ նա, օրենքով սահմանված կարգով, կշարունակի մնալ Երեւանի ավագանու անդամ։