Փաստաբանների պալատը դեռ քննարկում է դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի գործով տուժող Հակոբյանների փաստաբան Ռուբեն Բալոյանի բողոքը՝ կարգապահական վարույթ հարուցելու դերասանի ֆրանսիացի փաստաբան Մարի Լոռ Դոզեի նկատմամբ: Այս մասին NEWS.am-ին ասաց Հակոբյանների փաստաբանը:
«Ես դիմել էի Փաստաբանների պալատ, քանի որ դատավճռի հրապարակման օրը Մարի Լոռ Դոզենը ռեպլիկի ժամանակ վիրավորել էր իմ անձը: Ես, սակայն, կասկածներ ունեմ, որ այդ ռեպլիկը Նիկոլայ Բաղդասարյանի գրածն է: Հետեւաբար, Փաստաբանների պալատը հարցաքննության է հրավիրել Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին՝ հասկանալու համար իմ կասկածները ճիշտ են, թե ոչ: Սակայն Բաղդասարյանը դեռեւս չի ներկայացել պալատ»,- ասաց Ռուբեն Բալոյանը՝ նշելով, որ հենց Բաղդասարյանի չներկայանալու պատճառով է դիմումի քննությունը ձգձգվում:
Նշենք, որ 2015թ. հունվարի 29-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը Վարդան Պետրոսյանին դատապարտեց ազատազրկման՝ 5 տարի ժամկետով՝ 2 տարով զրկելով մեքենա վարելու իրավունքից:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ Էդվարդ եւ Էդգար Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ:





























