2013թ.-ի հոկտեմբերի 12-ին դանակահարության պատճառով մահացած 15-ամյա Դավիթ Հովակիմյանի գործով դատական նիստը հետաձգվել է: Այս մասին NEWS.am-ին ասաց ամբաստանյալի փաստաբան Արայիկ Պապիկյանը:
«Ապրիլի 30-ին կայացած դատական նիստը հետաձգվել է, քանի որ տուժողի իրավահաջորդը եւ նրա ներկայացուցիչը չէին ներկայացել դատական նիստին»,- ասաց փաստաբանը:
Դատական հաջորդ նիստը կկայանա մայիսի 11-ին: Այդ օրը ցուցմունք է տալու ամբաստանյալը, որից հետո դատարանը կանցնի ապացույցների ուսումնասիրությանը:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Կարեն Կունգուրցեւը 2013թ. հոկտեմբերի 12-ին ժամը 18:00-ի սահմաններում կենցաղային հողի վրա վիճաբանել է եւ ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու դիտավորությամբ դանակով մեկ անգամ հարվածել է Դավիթ Հովակիմյանի կրծքավանդակի ձախ կեսի շրջանում`վերջինիս պատճառել մարմնական վնասվածքներ, սակայն վերջինիս ընկերների կողմից օգնության հասնելուց հետո Կարենը դիմել է փախուստի: Դեպքից անմիջապես հետո Դ. Հովակիմյանը տեղափոխվել է «Վանաձոր ԲԿ» ՓԲԸ, որտեղ ժամը 21:35-ին մահացել է: Կարենին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նշենք, որ Դավիթը Վանաձոր էր մեկնել՝ հանդբոլի Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու համար:





























