Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի գործով առաջին երկու նիստերը հետաձգվել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանի փաստաբան Լիանա Բալյանը:
Դատական նիստերը հետաձգվում էին տուժողների չներկայանալու պատճառով: Հաջորդ դատական նիստը նշանակված է մայիսի 14-ին, ժամը 12.00-ին: Մանվել Վարդանյանի դեմ ներկայացված երկու քաղհայցերը կքննվեն քրեական գործի հետ: Քաղհայցերից մեկը ներկայացրել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի «Տրանս ակնթարթ» ՍՊԸ-ն՝ որպես բաց թողնված վնաս, մյուսը՝ վթարի հետեւանքով տուժած մի կին՝ պլաստիկ վիրահատությունների համար: Գծի տերը պատճառաբանում է, որ օրական ստացել են 45 000 ՀՀ դրամ շահույթ, իսկ 80 օրվա ընթացքում եթե «Գազելը» չայրվեր եւ ուղեւորներ տեղափոխեր, ապա շահույթը կկազմեր 3 600 000 ՀՀ դրամ, իսկ Մանվել Վարդանյանի պատճառով իրենք զրկվել են շահույթից:
Փաստաբանը նշեց, որ վթարի հետեւանքով տուժողները նորմալ մարդիկ են, անգամ մահացածների ընտանիքները չեն դիմել քաղհայցով, որովհետեւ տեսնում են, որ մի զոհ էլ «Կամազի» վարորդն է, պարզապես նրա բախտը բերել է եւ կենդանի է մնացել, հայտնվել մեղադրյալի աթոռին:
«Չնայած այն բանին, որ փորձաքննություններով ապացուցվել է, որ «Գազելը» եղել է անսարք վիճակում, արգելակները, կախոցները՝ անսարք, անվադողերը՝ մաշվածության պայմաններում, վարել է արագ, գազի բալոնի տեղադրման թույլտվություն չի ունեցել, նախատեսվածից ավելի ուղեւորներ է տեղափոխել, այդպես էլ գործ չի հարուցվել: Օգտվելով անպատժելիությունից՝ պատգամավորը խեղճ ու կրակ «Կամազի» վարորդի նկատմամբ են քաղհայց ներկայացրել: Ամոթալի է որ պատգամավորը, ով ունի բիզնեսներ եւ հաստատ այդ գումարի կարիքը ամենաքիչը ունի, դիմել է քաղհայցով դատարան խեղճ ու կրակ վարորդի դեմ, էս ողբերգական դեպքի արդյունքում մի հատ էլ բաց թողնված վնասից օգուտ քաղել:
Փաստաբանը նշեց նաեւ, որ դիմել էր Գլխավոր դատախազին՝ դեպքի տեսաձայնագրությունը անհետանալու առթիվ, բայց ի զարմանս իրեն՝ մինչեւ հիմա ոչ գործ է հարուցվել, ոչ էլ պատասխան կա իր գրությանը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, 2014թ. նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երեւան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետեւանքով «Գազելը» պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, կալանավորված է:





























