Արճիս գյուղում հայտնաբերված տղամարդը հավանաբար մահացել է սրտի կաթվածից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արճիսի գյուղապետ Սեյրան Միկիչյանը:

Նա նշեց, որ մահացողը իր հորեղբոր տղան է, նաեւ՝ դասընկերը: «Իր մոտ էպիլեպսիա հիվանդություն կար, երեւի ինֆարկտ է խփել: Կինը շուտ է  մահացել՝ 10-12 տարի առաջ, մենակ էր ապրում, աղջիկը ամուսնացած է, երկու տղա ունի, ամուսնացած են, Ռուսաստանում»,-ասաց գյուղապետը:

Մահացողը զբաղվում էր տարբեր գյուղատնտեսական աշխատանքներով, ապրում էր իր կենսաթոշակով: Նրան հայտնաբերել է հարեւանի երեխան,  այգում հունձ անելու ժամանակ ընկած էր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արճիս գյուղում հայտնաբերվել է 57-ամյա տղամարդու դիակ: NEWS.am-ի տեղեկություններով, ահազանգը ստացվել է ապրիլի 30-ին, երեկոյան, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում: Արճիս գյուղի տնամերձ այգում հայտնաբերվել է 57-ամյա Գ. Մ.-ի դին, նա տառապում էր էպիլեպսիա հիվանդությամբ: Դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ոստիկանությունից հաստատեցին NEWS.am-ի տեղեկությունը՝ հավելելով, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: