Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Գրական տապան. ապրիլ». փառատոնի շրջանակում Հայաստան ժամանած ամերիկահայ գրող, լրագրող Մելինե Թումանին ընթերցողի դատին է հանձնել իր «Կար ու չկար» («There Was and There Was Not. A Journey through Hate and Possibility in Turkey, Armenia and Beyond») գիրքը, որը գրելու համար Թումանին 2.5 տարի ապրել է Թուրքիայում եւ թուրքերեն է սովորել։

NEWS.am-ի հետ զրույցում Մելինե Թումանին պատմեց, որ գրքի անվանումը ընտրել է ծնողների շնորհիվ, երբ մայրը 2007թ. հայաստանյան այցի ժամանակ իր եւ հոր համար ընթերցում է Հովհաննես Թումանյանի հեքիաթներից մեկը, որը սկսում է «Կար ու չկար»-ով։  

«Գրքի անվանումը, ըստ իս, ներկայիս իրականությունն է՝ Թուրքիայի կողմից Ցեղասպանության ժխտողականությունը եւ Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ուղղված Հայաստանի փորձերը։ Մենք պետք է ուսումնասիրենք այս իրավիճակը երկու ազգերի միջեւ այս կոնֆլիկտի տարօրինակ եւ սյուրռեալիստական երկակիությունը հասկանալու եւ առաջ շարժվելու համար։ Խոսքը պատմության մասին չէ, այլ ներկայիս կոնֆլիկտի։ Երբ լսեցի, որ հեքիաթն էլ է սկսվում «կար ու չկար»-ով, հասկացա, որ ոչ ոք ամեն ինչ հստակ չգիտի, ոչինչ պարզ չէ, ամեն ինչ մի քիչ առեղծվածային է վերջում։ Սա պատմությունը սկսելու փոքր-ինչ արտիստիկ ձեւ է, սակայն դա այն է, ինչ ես բացահայտել, տեսել եւ հասկացել եմ, բայց դա միայն իմ տեսակետն է, իմ սեփական պատմությունն է, իմ տպավորություններն են»,- ասաց Մելինե Թումանին։

Գրողի խոսքով՝ գրքի վերնագիրը հակասական կարծիքներ է առաջացրել ամերիկահայերի եւ հայերի շրջանում, որոնք կարծում են, թե հեղինակը վիճարկում է պատմությունը։

«Երբ ամերիկացիները տեսնում են գրքիս վերնագիրը, մտածում են՝ Թուրքիայում հայեր են եղել, իսկ հիմա չկան։ Վերնագիրը մարդկանց մոտ տարբեր մտքեր է արթնացնում, բայց մի բան հստակ է, որ այն չի նկարագրում պատմությունը, դա չի քննարկվում։ Ես շատ եմ հավանում վերնագիրը, այն շատ հուշեր է արթնացնում իմ մեջ, բայց տխրում եմ, երբ ոչ միայն այստեղ, այլեւ Ամերիկայում մարդիկ այն շատ պարզունակ մակարդակով են ընկալում եւ կարծում են, որ ես ինչ-որ կերպ վիճարկում եմ պատմությունը։ 9-րդ էջից պարզ է դառնում՝ ինչ է տեղի ունեցել, քանի մարդ է սպանվել, ինչպես եւ ինչու  է դա պատահել»,-նշեց Թումանին՝ շեշտելով, որ գիրքն իրեն դժվարությամբ է տրվել, քանի որ շուրջ 10 տարի է անցկացրել այն գրելու վրա։

Հեղինակը վստահեցնում է, որ «Կար ու չկար» գիրքը իրականում Ցեղասպանության մասին չէ, այն Սփյուռքում մեծանալու իր փորձառության մասին է։

«Գիրքն այն մասին է, թե ինչպես եմ ինձ մասնատված զգացել՝ պատկանելով Սփյուռքին եւ ամերիկյան հասարակությանը, ինչպես եմ փորձել ձեւավորել սեփական անհատականությունս այս էթնիկ խմբի ներսում եւ ինչպես եմ փորձել ուղի հարթել ինձ համար, որն իմ սեփական ընտրությունն է եղել։ Ինձ համար այդ ուղիներից մեկը եղել է գնալ եւ տեղեկանալ Թուրքիայի մասին, հասկանալ՝ ինչ է կատարվում թուրքի ուղեղում, իմանալ՝ ինչ է նշանակում մանկուց սովորել, որ այս ամենը տեղի չի ունեցել, որ հայերը ահավոր մարդիկ են։ Գրքում շատ եմ մանրամասնում, թե ինչպես են թուրքերը ընկալում հայերին եւ 1915թ.-ը։ Գրքի մեկ գլուխ նվիրված է այն փաստին, թե ինչպես է Թուրքիան կարողանում գլխիվայր շրջել պատմությունը եւ պատմության  իր տարբերակն է հորինում, որը կարող է շփոթության մեջ գցել այլազգիներին։ Գիրքն իրականում մանկությանս, պատանեկությանս եւ համալսարանական տարիների փորձառության մասին է, եւ գրքի սիրտն է Թուրքիայում անցկացրած ժամանանակը»,- մանրամասնեց գրողը՝ ավելացնելով, որ իր ստեղծագործությունը գրված է հուշագրության ձեւաչափով։

Մելինե Թումանին ավելացրեց, որ գիրքը կթարգմանվի հայերեն, այժմ ինքը փնտրում է լավ թարգմանչի, որը չի խեղաթյուրի իր ասելիքը։