Նեպալում գրանցված երկրաշարժից տուժածների համար Facebook-ում կազմակերպված դրամահավաքն անսպասելի չափերի է հասել: Սոցցանցի օգտատերերն ընդամենը երկու օրվա ընթացքում ավելի քան 10 մլն դոլար են նվիրաբերել:
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը պատմել է, որ դրամահավաք կազմակերպելով՝ իրենք ցանկանում էին ամբողջ աշխարհի մարդկանց հնարավորություն ընձեռել օգնել Նեպալի տուժած բնակիչներին: Սակայն, նրա խոսքով, իրենք էլ չէին սպասում, որ կհաջողվի նման արդյունքի հասնել:
Ցուկերբերգը նաեւ նշել է, որ Facebook-ն իր հերթին հավաքված միջոցներին 2 մլն դոլար կավելացնի: Հավաքված միջոցները փոխանցվելու են Միջազգային բժշկական կորպուսի հիմնադրամին:
Ըստ Lifenews-ի, սա Facebook-ի կազմակերպած առաջին նման ակցիան չէ: 2014 թվականի նոյեմբերին օգտատերերն այս հարթակն օգտագործել էին՝ Էբոլայի տենդի դեմ պայքարի, իսկ 2013 թվականին՝ Ֆիլիպիններում մոլեգնած փոթորկից տուժածներին օգնելու համար:
Հիշեցնենք, որ 7.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը Նեպալում տեղի է ունեցել ապրիլի 25-ի առավոտյան: Վերջին տվյալներով, զոհերի թիվը հասել է 6.200-ի, եւս 11 հազար բնակիչ տուժել է:





























