Չինական Նանտուն քաղաքից ոչ հեռու երկու տղամարդ ճանապարհի 410 մետրանոց հատված են գողացել՝ հետագայում այն վաճառելու նպատակով: Այս մասին գրում է Asia One-ը:
2008 թվականին Նանտունի քաղաքամերձ հատվածում կառուցված ճանապարհը լավ վիճակում է եղել: «Գողությունը» հայտնաբերել են երկու շաբաթ առաջ, մոտակա գյուղի բնակիչները, որոնք էլ զանգահարել են ոստիկանություն:
Երբ տեղի իշխանությունները հաստատել են, որ որեւէ աշխատանք ծրագրված չի եղել, ոստիկանությունը քրեական գործ է հարուցել եւ հետաքննություն սկսել: Քննիչներն ուսումնասիրել են հանցագործության վայրի մերձակայքում տեղակայված տեսահսկման խցիկները եւ բետոնե աղյուսներ տեղափոխող բեռնատար նկատել:
Ըստ Motor-ի, ոստիկանությունը հարցաքննել է Գու ազգանունով ավտոմեքենայի տիրոջը, որը խոստովանել է մեղքը: «Գիտեի, որ այդ ճանապարհից ոչ ոք չի օգտվում, այդ պատճառով որոշեցի որոշ շինանյութ դուրս բերել՝ փող վաստակելու համար»,- պարզաբանել է ձերբակալվածը:
Գուն ընկերոջ՝ Յանի հետ, էքսկավատորի եւ բեռնատարի օգնությամբ երկու օրվա ընթացքում ավելի քան 630 տոննա բետոնե աղյուս է գողացել, որը վաճառել է 12 հազար յուանով (2.600 դոլար): Ոստիկանությունը նրանց ձերբակալել է ավելի շուտ, քան նրանք հասցրել են ծախսել գումարը:





























