Պատերազմի վետերան, կադրային զինվորական Էրիկ Դանիլովիչ Սիզովը Ուկրաինայից հասել է Ավստրիա։ Հիմա նա Վիլնյուսի՝ պատերազմի վետերանների քաղաքային խորհրդի քարտուղարն է։
«Ուսուցում եմ ստացել Տամբովի ականանետային ուսումնարանում եւ 1944թ. հունվարին տեղափոխվել եմ Երրորդ ուկրաինական ճակատ։ Իմ մարտական ուղին անցել է Ուկրաինայի արեւմտյան սահմանից մինչեւ Մոլդովա, Ռումինիա, Բուլղարիա, Հարավսլավիա։ Բելգրադի մոտ վիրավորվել եմ։ Մեկ ամիս պառկել եմ հոսպիտալում եւ վերադարձել եմ ճակատ»,- պատմել է վետերանը NEWS.am-ի թղթակցին։
Էրիկ Սիզովը բանակում ծառայել է մինչեւ 1980թ. եւ հասել մինչեւ փոխգնդապետի աստիճանի։
Վիլնյուսում ապրում է պատերազմի 680 վետերան։ Լիտվայում կա շուրջ 4 հազար վետերան։ «Վիլնյուսում վետերաններից 180-ը 90 տարեկանից մեծ են»,- նշում է Էրիկ Սիզովը։
Պատերազմի վետերանների խորհուրդը աշխատանքներ է կազմակերպում վետերանների եւ նրանց սերունդների հետ։ «Մենք աշխատում ենք դպրոցներում, պատմում ենք մարտական ուղու մասին։ Պետք է խոստովանեմ, որ Լիտվայում մեզ այդքան էլ լավ չեն վերաբերվում։ Կարելի է ասել, որ իշխանությունները ոչ մի օգնություն չեն ցուցաբերում։ Քաղաքացիները հնարավորինս օգնում են։ Սակայն վետերանների շարքերը նոսրանում են եւ նրանց փոխարեն մեր կազմակերպությունը համալրվում է երիտասարդներով, որոնք պատերազմի մասնակից չեն եղել»,- ասում է նա։
Վետերանի խոսքով, ակտիվ համագործակցություն է տարվում զոհված մարտիկների մասունքները որոնելու ուղղությամբ. «Լիտվայում շատ են նման գերեզմանները։ Ստիպված ենք լինում փնտրել նրանց, հնարավորության դեպքում ըստ փաստաթղթերի կամ իրերի պարզել զոհված զինվորի ինքնությունը»։
Էրիկ Սիզովն ունի թոռնուհի, որը պապիկի պատվին կրում է Էրիկա անունը։





























