Քաղաքագետ, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը NEWS.am-ի հետ զրույցում կրկին պնդեց, որ Ռուսաստանն ու Թուրքիան գաղտնի բանակցություններ են վարում Թուրքիայի տարածքով Հայաստանում գտնվող Գյումրիի ռազմակայանը մատակարարելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, որ Թուրքիան արգելել է Ռուսաստանին իր տարածքով մատակարարել Գյումրիի ռազմաբազան: Ըստ ադրբեջանցի ռազմական փորձագետների՝ այսպիսով Ռուսաստանը զրկվում է Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի տարածքով իր ռազմակայաններին մատակարարելու հնարավորությունից, եւ նրան մնում է միայն Իրանի տարածքով իրացնել մատակարարումները: Ըստ այդմ էլ՝ ադրբեջանցի քաղաքագետներից մեկն էլ առաջարկել էր վերականգնել «Caspian guard» ծրագիրը՝ պարզելու, թե որքան զենք է մատակարարվում Ռուսաստանից Իրան, այնտեղից էլ այլ երկրներ:
Ռիչարդ Կիրակոսյանը NEWS.am-ին հայտնեց, որ թուրքերը եւ ռուսները գաղտնի համաձայնության գործընթացի մեջ են, այսինքն, ներկայումս բանակցություններ են ընթանում: «Ռուսներն ուզում են, որ թուրքերը համաձայնություն տան, որ ռուսական զենքը հասնի Գյումրի թուրքական տարածքով»,- նշեց Կիրակոսյանը:
Հարցին, թե կարող է արդյո՞ք որեւէ երրորդ երկիր արգելել Իրանի տարածքով զենքի մատակարարմանը, Կիրակոսյանը նախ նշեց, որ «Caspian guard» (Կասպիական պահապան) ծրագիրը որեւէ առնչություն չունի դրա հետ, եւ երկրորդը. «Ռուսասստանն ու Հայաստանն իրավունք ունեն Գյումրիի ռազաբազային զենք կամ այլ բան տալ, ինչ ուզում են: Ադրբեջանը չի կարող բան ասել: Բայց մյուս կողմից Վրաստանի հետ պատերազմից հետո Ռուսաստանը դժվարություն ունի Գյումրի հասնելու հետ կապված եւ այդ պատճառով ուզում է Թուրքիայի տարածքով տարանցել»:
Ավելին, ըստ փորձագետի՝ եթե Թուրքիան հրաժարվի իր տարածքը տրամադրել, ապա Ռուսաստանը կարող է մատակարարումներն իրականացնել Իրանի տարածքով: «Այդ իրավունքը Ռուսաստանի իրավունքն է: Որեւէ մեկը իրավունք չունի պաշտոնապես արգելելու: Կարող են ջղայնանալ, խոսել, կարող են ասել, որ Գյումրիի ռազմաբազայի մատակարարմամբ խախտվում է կայունությունը, բայց իրավական տեսակետից չեն կարող արգելել»,- մանրամասնեց Կիրակոսյանը:




























