NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է նյույորքյան գրող, ռեժիսոր եւ պրոդյուսեր Քրիսթոֆեր Ադամյանի հոդվածը՝ տպագրված ամերիկյան հրեական «The Forward» թերթում
Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը երկու քայլ առաջ արեց, երբ Իսրայելում ապրիլի 24-ին հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ, բայց մեկ քայլ հետ արեց, երբ 1915-ի հայերի կոտորածները չկոչեց ցեղասպանություն։
Ինչպես նշում են շատ հրեա գիտնականներ, դա վտանգավոր նախադեպ կստեղծի, քանի որ դա ցեղասպանության ժխտման համար հիմք է ստեղծում եւ խրախուսում ապագա բռնապետներին եւս մեկ անգամ ցեղասպանություն իրականացնելու համար։
Հոլոքոստը վերապրածների համար ամոթալի պետք է լինի, որ իրենց նախագահը համարձակություն չի դրսեւորել այդ հարցում։ Հիմա ժամանակն է, որ Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ ճնշում գործադրի Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս ներողություն խնդրի եւ քննարկի լրջորեն քննարկի Ցեղասպանության արդարացի փոխհատուցման, տուգանքներ վճարելու հարցը։
Բայց կա նաեւ այլ խնդիր. Բացի այն, որ Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, նաեւ տարօրինակ դաշինք է կնքել Հայաստանի թշնամի Ադրբեջանի հետ՝ միլիարդավոր դոլարների զենք վաճառելով վերջինիս։ Դա այն երկիրն է, որը 1991-ին փորձել է ոչնչացնել բոլոր հայկական բնակավայրերը Լեռնային Ղարաբաղում, բայց հետո պարտվել է հայերի դեմ սանձազերծած արյունալի պատերազմում։ Միայն 2012-ին Իսրայելը Ադրբեջանին 1,6 մլրդ դոլարի զենք է վաճառել, այդ թվում անօդաչու սարքեր եւ հակահրթիռային համակարգեր
Վերջերս Հոլոքոստի հարցերի մասնագետ Յաիր Օրոնը «Haaretz»-ին տված հարցազրույցում նշել է. «Ցեղասպանություն իրականացնող կառավարությանը զենք վաճառելը նույնն է, եթե Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստներին զենք վաճառելուն։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բազմիցս երդվել է վերացնել Հայաստանը երկրի երեսից։ Ծանոթ է հնչում, չէ՞»։
Հայերն ու հրեաները հարազատ են, նաեւ իրենց սփյուռքներում նրանք լավ ընկերներ են։ Խորհրդային 70 տարիներին Հայաստանն ապաստան է եղել խորհրդային հրեաների համար, որոնք փախել են ռուսական հակասեմականությունից։ Այն հիմա էլ այդպիսին է մնացել՝ երկու ակտիվ գործող սինագոգերով։ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով ծնվել է Սիրիայում, հպարտ էր, որ իր կինը հրեա է։ Աշխարհի երկու չեմպիոններ Գարիի կասպարովն ու Լեւոն Արոնյանը կիսով չափ հրեաներ են։ Վերջապես, հենց Իսրայելում ապրում են 3000 հայեր, հիմնականում Երուսաղեմի հայկական թաղամասում եւ Թել Ավիվում։
Այստեղ, ինչպես նաեւ այլ երկրներում, հայերը նպաստում են Իսրայելի հաջողություններին՝ տալով լավ գործարարներ ու արտիստներ։ Երուսաղեմի հայկական կերամիկան, օրինակ, հայտնի է ողջ աշխարհին։
Այսպիսով Իսրայելի եւ նրա առաջնորդների համար եզրակացությունը մեկը պետք է լինի՝ օգնեք Հայաստանին ու մի վնասեք նրան։ Բարոյական արիություն ցուցաբերեք, որը դուք ակնկալում եք ողջ աշխարհից ձեր հայրենիքի հանդեպ։ Դադարեցրեք զենքի վաճառքն Ադրբեջանին, ճանաչեք Հայոց ցեղասպանությունը, եւ օգնեք այդ փոքրիկ պայքարող երկրին զարգանալ ու բարգավաճել։ Հնարավոր է, այդպես չեն մտածում որոշ կարճատես քաղաքական գործիչներ եւ նրանք, որոնք պատկանում են աջ թեւին, բայց ի վերջո, նման դաշինքը կարող է միայն օգուտ բերել երկու երկրներին։





























