Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի կինը՝ Գորիսի ՔԿԱԳ պետ Լորետա Բարսեղյանը, հերքում է իր որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին լուրերը:  Լորետա Բարսեղյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ որեւէ բանից տեղյակ չէ եւ այժմ էլ աշխատավայրում է: «Նման բան չի եղել, այդ օրը մենք հյուրեր ենք ունեցել, քավորն էր իր ընտանիքով հյուր եկել, ամբողջ օրը հյուր են ունեցել: Այդ օրը տատիկների գերեզմանին էր այցելել, տուն վերադառնալուց հետո որեւէ քերծված, վնասվածք իր վրա չի եղել»,-ասաց Լորետա Բարսեղյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքի մարզպետի որդու մասնակցությամբ հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել Գորիսում: NЕWS.am-ի տեղեկություններով՝ մայիսի 2-ին,  երեկոյան, Սյունիքի մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, մեքենա վարելիս զուգահեռ անցնող ավտոմեքենան երթեւեկությունը խախտել է,  վեճ է առաջացել, ապա պայմանավորվել են հանդիպել Սդղի գյոլ կոչվող հատվածում: Երեկոյան երկու եղբայրները, ովքեր Ավետիք Բուդաղյանի հետ բարեկամական կապեր ունեն եւ որոշակի խնդիրներ են ունեցել Սյունիքի մարզպետի հետ, գնացել են նշված տարածք: 2 եղբայրներին դիմավորել են 40-ից ավելի երիտասարդներ, վիճել են, հայհոյել եւ հավաքվածները ծեծի են ենթարկել: Նրանցից մեկի վիճակը ծանր է եղել, տեղափոխվել է Երեւան: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ երիտասարդի աչքն է վնասված եւ առայժմ հայտնի չէ, թե վիրահատությունից հետո տեսողությունը կվերականգնվի, թե՝ ոչ:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS,am-ին հայտնեցին, որ «Գորիսի» հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է  տեղափոխվել աջ աչքի վնասվածքով, կոպի պատռվածքով մի քաղաքացի: Պարզվել է, որ վնասվածքը ստացել է մայիսի 2-ին Սդղի գյոլ տարածքում վիճաբանության ժամանակ, կատարվում է հետաքննություն, հանգամանքները պարզվում են: