Դերասան Վարդան Պետրոսյանը եւ նրա պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը գոհ են Վերաքննիչ դատարանի դատավճիռից, որով դատարանը մերժել է տուժողի ներկայացուցիչների եւ դատախազի բողոքը եւ անփոփոխ թողել առաջին ատյանի որոշումը։ Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանը՝ ավելացնելով, որ իրենք լիարժեք բավարարված կլինեն, երբ Վերաքննիչ դատարանը բավարարի առաջիկայում ներկայացվելիք իրենց բողոքը:
«Գոհ ենք, որ մերժվել է դատախազի եւ տուժողի ներկայացուցիչների բողոքը: Երբ ներկայացնենք մեր Վերաքննիչ բողոքը եւ մեր բողոքն էլ կբավարարվի, այն ժամանակ լիովին բավարարված կլինենք, իսկ վերաքննիչ բողոք պարտադիր ներկայացնելու ենք, երբ Վարդան Պետրոսյանն արդեն ազատության մեջ կգտնվի»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:
Վարդան Պետրոսյանի պաշտպանի խոսքով՝ դերասանը շուտով ազատության մեջ կլինի, սակայն հստակ օրը դեռ հայտնի չէ:
«Չեմ կարող ասել, թե երբ Վարդանն ազատության մեջ կլինի, որովհետեւ դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով, բայց եթե այդ հանգամանքներն ի հայտ չգան, նա անպայման ազատության մեջ կլինի, օրը չեմ կարող ասել, բայց դա շատ շուտ կլինի»,-ասաց պաշտպանը:
Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 20-ին, ժամը 21:20-ին Եղվարդ-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենա իրար են բախվել: Պատահարի հետեւանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, այդ թվում՝ դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել են:
Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով: Վարդան Պետրոսյանը ձերբակալվել էր: Դատաքննությունը սկսվեց 2014 թվականի մարտի 12-ին: Հայաստանի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հունվարի 29-ին մեղավոր ճանաչեց Վարդան Պետրոսյանին՝ նրան դատապարտելով 5 տարի ժամկետով ազատազրկման:
Դատախազը եւ տուժող կողմը բողոքարկել են առաջին ատյանի որոշումը:





























