«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի «100 LIVES» (100 Կյանք) նախագիծը հայտարարում է Նեպալի ավերիչ երկրաշարժից տուժած երեխաներին օգնություն ցուցաբերելու մասին՝ այդ նպատակով 100 հազար ԱՄՆ դոլար փոխանցելով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին (UNICEF): IDeA -ն այսպիսով արձագանքում է ՄԱԿ-ի Մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի (UN OCHA)  կողմից աշխարհին ուղղված աջակցության կոչին:

Նվիրատվությունն իրականացվում է  «Հայերը՝ Նեպալին» խորագրով մարդասիրական ակցիայի շրջանակում,  որով կոչ է արվում հայկական կազմակերպություններին միանալ նախաձեռնությանը  եւ աջակցել  երկրաշարժից տուժած երեխաներին օգնելու UNICEF-ի ջանքերին:

IDeA հիմնադրամի եւ «100 LIVES»-ի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, մեկնաբանելով նախաձեռնությունը, նշել է. «Նեպալում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը զգալի վնաս է պատճառել հարուստ պատմություն ունեցող այդ երկրին: Մեր ցավակցությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր տուժել  են այդ ահավոր աղետից: 100 LIVES-ը նախաձեռնվել է որպես մարդասիրական նախագիծ, եւ մենք չենք կարող անտարբեր լինել,  երբ մարդիկ տառապում են: Հենց նման դեպքերում են դրսեւորվում մարդկային ոգու լավագույն  հատկությունները, եւ ես ողջ աշխարհի հայերին հորդորում եմ միանալ  նախաձեռնությանն ու իրենց աջակցությունը ցուցաբերել տուժածներին»:

«Մեր ժողովրդը  շատ լավ է ծանոթ նման աղետների պատճառած ցավին, եւ գիտի նաեւ գնահատել օգնության մեկնած ձեռքը: Մենք միշտ շնորհակալ ենք եղել այն բոլոր ժողովուրդներին, ովքեր օգնեցին մեզ 1988թ. աղետալի երկրաշարժի ժամանակ: Ողջ աշխարհն է աջակցում Նեպալի ժողովրդին, եւ մենք նույնպես անմասն չենք կարող մնալ: Այդ իսկ պատճառով որոշեցինք գումարը փոխանցել UNICEF-ին, որն օգնում է երկրաշարժից տուժած երեխաներին»,- նշել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի  գլխավոր տնօրեն Արմեն Գեւորգյանը:

Նեպալի երկրաշարժից տուժածներին աջակցելու համար հնարավոր է ուղիղ նվիրատվություն կատարել՝ այցելելով  ՄԱԿ-ի կողմից  հայտարարված՝ FLASH APPEAL ON NEPAL RESPONS-ի կայք՝  unocha.org.

100 LIVES (100Կյանք) նախաձեռնությունը, որի համաշխարհային մեկնարկը տրվեց 2015թ. մարտի 10-ի Նյու Յորքում,  կոչված է երախտիքի տուրք մատուցելու այն անհատներին ու կազմակերպություններին, որոնք 100 տարի առաջ հերոսական ջանքերի գնով հարյուր հազարավոր հայերի են փրկել Հայոց ցեղասպանությունից։

100 LIVES-ը նախաձեռնել են հայտնի գործարարներ եւ բարերարներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը եւ Նյու Յորքի Քարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը։

100 LIVES նախաձեռնությունը մարդասիրության ոլորտում նոր մրցանակ է սահմանել՝ մերօրյա անձնազոհ մարդկանց աջակցելու եւ խրախուսելու նպատակով:  Այն կոչվում է  «Ավրորա»՝ ի պատիվ Ավրորա Մարդիգանյանի, ով մանուկ հասակում դարձել է Հայոց ցեղասպանության ընթացքում գործած բարբարոսությունների ականատեսը։