Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության թողտվությամբ այս անգամ կտրվել են «Վաղարշ եւ որդիներ» ՍՊԸ-ի ոսկու շուկայի մոտ գտնվող հաստաբուն հսկա ծառերը: Հերթական անգամ այս վարչությունը եւ նրա ղեկավար Ավետ Մարտիրոսյանը սպառնալիք են դարձել Երեւանի կանաչ տարածքներին:
Պարզվում է, որ բնակիչների բազմաթիվ բողոք-դիմումների, Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության կողմից կատարած ուսումնասիրությունների եւ տրված եզրակացության հիման վրա Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի անմիջական վերահսկողությամբ հեռացվել են Խորենացի փողոցում առկա, իբր վտանգահարույց 2 ծառերը: Ըստ քաղաքային պաշտոնյաների, աշնանային ծառատունկին բնաբաժակներում կտնկվեն նոր ծառեր: Այս մասին նշված է «Կենտրոն» վարչական շրջանի «Ֆեյսբուքի» էջում: Հավանաբար բնակիչների բողոքներ ասելով՝ նկատի են ունեցել «Ոսկու շուկայի» սեփականատեր Վաղարշ Աբրահամյանին: Հաստաբուն այդ ծառերը գտնվում են հենց ոսկու շուկայի դիմաց եւ մերձակայքում գտնվող որեւէ շենքի չէին խանգարում։
Լրատվամիջոցներում բազմիցս գրվել է, որ «Ոսկու շուկայի» տերը ցանկանում է ազատվել երկար տարիներ ապրող ծառերից, որպեսզի հնարավորություն ունենա շուկայի շենքը առաջ տալու: Ավելին՝ այդ նույն ծառերի արմատներին տարիներ շարունակ «Ոսկու աշխարհ» շուկայի տնօրինության հրահանգով նավթ, ծծմբաթթու եւ բույսի համար վտանգավոր այլ նյութեր են լցվել, որպեսզի ծառերը չորանային: Իսկ բնապահպանության վարչությունը եւ նրա ղեկավարը չարաֆործի ձեռքը բռնելու փոխարեն ծառերը կտրելու թույլտվություն են տալիս։
Ահա «ծառերի հախից» եկել է Ավետ Մարտիրոսյանը՝ թերեւս ինչ-որ բանի դիմաց լավություն անելով Վաղարշ Աբրահամյանին:
Եթե իսկապես բնակիչների բողոքների հիման վրա են կտրվել այդ ծառերը, ապա, օրինակ, Կենտրոն վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում համապատասխան լոսւանկարի տակ ընթերցեք գրված մեկնաբանությունները, այդպիսով լրիվ պարզ կդառնա, թե ում ձեռքով եւ ինչի համար են կտրվել ծառերը: «Հարգելի Կենտրոն վարչական շրջան, բայց այս ծառերի հետեւում բնակելի տներ չկան, իսկ դիմացի փողոցի բնակիչներին այս ծառերը չէին կարող անհանգստացնել։ Երբ գրել եք «Բնակիչների բազմաթիվ բողոք-դիմումների» հիման վրա, գուցե շփոթել եք ու նկատի ունեիք Ոսկու շուկայի սեփականատիրոջ պահանջո՞վ։ Ուղղեք եթե շփոթվել եք։
Նրան այս ծառերը գուցե խանգարում էին երկու «բուդկա» ավելացնելու կամ մայթը փարքինգի համար օգտագործելու համար»,-գրել է օգտատերերից մեկը: Նրանք պահանջում են հրապարակել բնակիչների բողոքները, եթե այդպիսիք, իհարկե, գոյություն ունեն: Օգտատերերից մեկն էլ գրել է, թե իրենց բակում մի ծառ կա, խնդրում է գնալ եւ կտրել այն, ահավոր վտանգահարույց է, երեկոյան հարձակվում է մարդկանց վրա: Գրառումների մեջ նշված է նաեւ, որ կտրված ծառը սոսի է, որն ապրում է 3000 տարի: «Էս քանի օրը Թբիլիսիում էի. ամենուր ծառեր, կանաչ, սիրուն բնություն, մաքուր օդ: Քաղաքը շնչում էր: Գալիս ես Երեւան, սիրտդ խառնում ա քաղաքի տկլորությունից, օդի մասին էլ խոսք չկա: Նենց որ, բերեք ձեզ քոքից կտրեք՝ պրծնենք ձեզանից»,-գրված է մեկնաբանություններում: Իբր բնակիչների բողոքների հիման վրա այս ծառերի կտրվելը հունից հանել է քաղաքացիներին, մեկնաբանություններում բազմաթիվ վիրավորանքներ կան պաշտոնյաների հասցեին:
Ինչեւէ, փորձը ցույց է տալիս, որ Երեւանի կանաչ տարածքները եւ ծառերը պաշտպանելու համար ահազանգերը, մեկնաբանությունները, քննադատությունները անօգուտ եւ անարձագանք են, ոչ ոք չի պատժվում, իսկ կանաչ տարածքները շարունակում են ոչնչացվել համապատասխան պաշտոնյաների ձեռամբ:





Լուսանկարները՝ Համահայկական Բնապահպանական ճակատի եւ Կենտրոն վարչական շրջանի ֆեյսբուքյան էջերից





























